2023 թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան, կբարձրացվի նվազագույն աշխատավարձը․ Նիկոլ Փաշինյան

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում ենք նախատեսում։ Վիճակագրության կոմիտեն հրապարակեց մայիս ամսվա առաջին 5 ամիսների տնտեսական ցուցանիշները՝ պետք է արձանագրել, որ մենք  ունենք բավականին լավ ցուցանիշներ»,- այս մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է  13 տոկոս։ Աճի հիմնական լոկոմոտիվներից է շինարարության ճյուղը, որի աճն անցնող մայիսի նկատմամբ կազմել է 18․1 տոկոս։ Ծառայությունների ոլորտի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30․2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 8․2 տոկոս, արտահանման աճը՝ 33․7 տոկոս »,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով, կան  նաև մտահոգություններ առաջացնող ցուցանիշներ․ «Անցած տարվա մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է ընդամենը 2 տոկոս, և գնաճային բարձր ֆոնն է պահպանվում։ Բայց 5 ամսվա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, տնտեսական աճի ցուցանիշը կազմում է  10․2 տոկոս»,- ընդգծեց Փաշինյանը և հավելեց, որ բյուջեի մուտքերը հարկերի հավաքման կազմով գերակատարվել են 47 միլիարդ դրամով։

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ 10 միլիարդ դրամից ավելի ՀՀ-ն ստանալու է ԵԱՏՄ մաքսային հատկացումներ։  

«2023 թվականի հունվարի  1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում , նվազագույն  աշխատավարձի բարձրացում։ Այն 68․000 դրամից կդառնա75․000 դրամ։  Գյուղական համայնքներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը չաշխատող մայրերի համար 28․600-ից կդառնա 30․700 դրամ, աշխատողներըի համար կհասնի 61․400 դրամի»։

Վարչապետը նշեց նաև, որ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից պետք է տրվի երեխայի խնամքի նպաստ։  

«Հաջորդ տարում գիտության ֆինանսավորումը 6 միլիարդ դրամով ենք ավելացնելու, իսկ ընթացիկ տարում ավելացել է շուրջ 82 տոկոսով»,- հայտնեց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճը ավելի իրատեսական է համարվում։

30 Հունիս, 2022 11:49
Վեր