Շուրջ 5 388 շահառուի միանվագ տրամադրվել է 250 000 դրամ գումար․ ովքեր են նրանք

Սոցիալական պաշտպանության ոլորտում պետության առաջնահերթություններից է մնում 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում ապաստանած անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, որի ուղղությամբ 2021 թվականին ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվել են գույքային, դրամական աջակցությունների, կատարված ծախսերի համար փոխհատուցումների տրամադրման միջոցառումներ:

 «Արցախպրես»֊ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ժամանակ:

Երկրի ղեկավարի խոսքով՝ 2021 թվականին աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրելով 300 000 դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի: Հրետակոծության հետևանքով Արցախում բնակտարածքն ավերված կամ կորցրած ընտանիքների յուրաքանչյուր անդամի՝ շուրջ 5 388 շահառուի, միանվագ տրամադրվել է 250 000 դրամ գումար:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.9 մլրդ դրամ:

Շուրջ 4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից, Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 000-ական դրամի չափով, որի շահառուների թիվը կազմել է 109 հազար: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27.1 մլրդ դրամ:

Տեղահանված և Արցախում բնակտարածք կորցրած անձանց 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ամսական աջակցություն է տրամադրվել 50 000-ական դրամի չափով՝ երեխաներին և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, իսկ 25 000-ական դրամի չափով՝ այլ խմբերին:

Այս ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին հատկացվել է ամսական 40 000-ական, այլ խմբերին՝ 20 000-ական դրամ: Շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն՝ շուրջ 5.4 մլրդ դրամ:

Բռնազավթված համայնքներից տեղահանված և Արցախի Հանրապետության գյուղական համայնքներում ժամանակավոր ապաստանած 672 ընտանիքի ԱՀ կառավարության կողմից տրամադրվել է անհրաժեշտ գույք և տեխնիկա, իսկ ԱՀ պետական բյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ ամբողջությամբ կահավորվել է 341 բնակելի տուն:

30 Հունիս, 2022 18:10
Վեր