Գործում է մեկ խոշոր խումբ. գումարները տատանվում են 20000-ից մինչև միլիոնավոր դրամների շրջանակում. մեդիափորձագետը՝ առցանց դրամաշորթության դեպքերի մասին

Չնայած տարբեր հարթակներով հնչող զգուշացումներին, իրազեկումներին՝ առցանց դրամաշորթության զոհեր ՀՀ-ում շարունակում են գրանցվել : Նրանցից առուվաճառքի հայտարարությունների կայքերով (հատկապես՝ List.am) խարդախության միջոցով դրամ են վերցնում  ու անհետանում:

Zarkerak.am-ի հետ զրույցում խարդախության զոհ դարձած անձանցից մեկը նշեց, որ իրենից  List.am-ի միջոցով 30000 դրամ են տարել. «List.am-ում մեքենա էի տեսել, ուզում էի գնել, զանգեցի նշված հեռախոսահամարով, մեքենայի սեփականատերն ասաց, որ ինքն Արցախում է, պայմանավորվեցինք, որ պետք է մեքենան բերի Երևան, տեսնեմ ու համաձայնության դեպքում գնեմ: Անցավ մի քանի ժամ զանգեց, ասաց, որ ծանր ֆինանսական վիճակում է գտնվում ու խնդրեց 30000 դրամ, որպեսզի մեքենան կարողանա վառելիքով լիցքավորել ու գալ և տվեց հաշվեհամար: Ես առանց  կասկածելու ուղարկեցի գումարը: Մի ժամ անց զանգեցի, որ տեսնեմ ուր է հասել, անհասանելի էր»:

Մեր զրուցակիցը նշում է, որ ցանկացած միջոց փորձել է այդ մարդուն գտնելու համար, սակայն ոչինչ չի հաջողվել. «Ժամեր անց այդ հայտարարությունը հեռացվեց List.am-ից, ու ես այդպես էլ չկարողացա նրան գտնել»:

Խարդախության նման դեպքերին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանությունը՝ տարածելով հայտարարություն. «Վերջին օրերին ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են խարդախությունների վերաբերյալ մտահոգիչ քանակի ահազանգեր ու հաղորդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ։ Խարդախության այս մեխանիզմին զոհ չդառնալու, հանցագործության նոր դեպքերը կանխելու համար հորդորում ենք լինել առավել զգոն»:

Մեզ հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հիմա որոշ չափով նման դեպքերի քանակը նվազել է. «Դեպքերը նվազել են, որովհետև շատ լայն իրազեկում է եղել, բայց միևնույն է մարդիկ կան, որ շարունակում են խաբվել: Շաբաթավա մեջ մի քանի մարդ ինձ դիմում է նման խնդրով, սակայն մեծ մասն էլ ուղարկում են դեպքերը, որ ցույց տան, որ իրենց էլ փորձել են խաբել, բայց իրենք չեն խաբվել»:

Մեդափորձագետի խոսքով՝ խաբեությունն աշխատում է միայն մի բանի վրա. «Մարդկանց ուղարկում են կեղծ վճարային համակարգի կամ առաքման համակարգի հղումներ: Հերիք է մարդ գուգլով որոնի այդ համակարգի իրական հասցեն, կտեսնի, որ տարբերություն կա, այսքանը հերիք է չխաբվելու համար»:

Թե ինչպե՞ս պետք է զգուշանալ նման դեպքերից՝ Մարտիրոսյանն ասում է, որ դա կախված է մարդկանց գրագիտության աստիճանից. «Պետք է մարդկանց ընդհանուր առմամբ սովորեցնել պաշտպանվել, պետք է կրթել և իրազեկել, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ դեպքերի մասին իրազեկել հետին թվով, որովհետև դա չի օգնում»:

Մեդիափորձագետի կարծիքով, նման դեպքերում ոչ թե տարբեր մարդիկ, այլ մեկ խոշոր խումբ է գործում. «Առնվազն այն դեպքերը, որոնք ինձ հանդիպել են, թույլ են տալիս ենթադրել, որ  մեկ մեծ խմբի մասին է խոսքը: Այդ խումբը  գործում է նաև այլ երկրներում, որովհետև շատ նման դեպքեր կան Վրաստանում, այլ ԱՊՀ երկրներում, այնպես որ ամենայն հավանականությամբ խոշոր խումբ է, որի մեջ նաև տեղացիներին են ներգրավվում, որպեսզի իմանան լոկալ մանրամասները»:

Իսկ թե ի՞նչ չափի գումարներ են շորթում մարդկանցից՝ Մարտիրոսյանն ասաց, որ գումարները տատանվում են 15-20000-ից մինչև միլիոնավոր դրամների շրջանակում:

 

Աննա Բզնունի

01 Հուլիս, 2022 14:32
Վեր