15 տարի փոքր երեխու նման լույս էի ուզում. Արցախում տեղադրվում են արևային կայաններ, գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են նոր ծրագրեր

40-ամյա Խաչատուր Գրիգորյանը Արցախի Խաչեն գյուղում անասնապահությամբ է զբաղվում. ունի փոքր ֆերմա, բայց մեծ նպատակներ՝ ֆերման խոշորացնելու, կաթի վերամշակման արտադրամաս հիմնելու:

Հատկապես պատերազմից հետո Խաչատուրի, որին գյուղում կանչում են կարճ՝ Խաչիկ, ծրագրերը զարգանալու մասին են: Պիտի ապրինք՝ ասում է նա:

15 տարի Խաչիկը Խաչենում լույս չուներ. գյուղի բարձունքներից մեկում հիմնած անասնաֆերմայում նա 15 տարի իր անասուններին պահել, մեծացրել է լամպի կամ լապտերի լույսի տակ: Սակայն վերջերս արևային համակարգերի տեղադրումից հետո արդեն լույս ունի: «15 տարի փոքր երեխու նման լույս էի ուզում, ու հիմա, փառք Աստծո, լույս ունենք: Երեկ Հայաստանից անասուն առնող էր եկել, ասում եմ՝ եկեք նայեք, հիմա լապտերի տակ չի, լույսը վառել եմ, ամեն ինչ երևում է»,- ուրախանում է Խաչիկը:

Պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղատնտեսության նախարարությունը մշակել ու իրականացնում է ծրագրեր, որոնց արդյունքում մտադիր են ավելացնել երկրում անասնագլխաքանակը, բարձրացնել մթերատվությունը:

ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանն ասում է՝ այդ ծրագրի շրջանակներում օգնում են ֆերմերներին էլեկտրիֆիկացնել, ջրաֆիկացնել անասնաֆերմաները: Բայց ծրագրի շահառու դառնալու համար կա նախապայման՝ պետք է խոստանան, որ 7 տարի անասնապահությամբ են զբաղվելու:

«Պետությունն աջակցում է ֆերմերին, սուբսիդավորում նրա ծախսերը, բայց ինքն էլ պետք է խոստանա, որ շարունակելու է զբաղվել գործով, զարգացնել բիզնեսը, այդպիսով՝ նաև տնտեսությունը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է Ռադիկ Գևորգյանը:

Խաչիկի լույսի խնդիրը լուծվել է, բայց ջրի հարցը դեռ մնում է: Ջուրը ֆերմա են տեղափոխում ավանակի օգնությամբ: «Էշն էլ որ սատկի, մնալու ենք առանց ջուր»,- կատակում է խաչենցին:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ 2022-ի բոլոր ծրագրերը կազմվել են, ջրագծերի անցկացման հարցը կներառեն 2023-ին իրականացվելիք ծրագրերում:

Խաչենցին ասում է՝ հենց ջրի խնդիրը լուծվի, կաթի վերամշակման արտադրամաս է հիմնելու, և դրա համար Հայաստանից արդեն համապատասխան սերտիֆիկատ է ստացել: «Մեր կաթը ես կմշակեմ անարատ կաթից, փոշիներ չկան, չեն լինելու»,-խոստանում է Խաչիկը:

 

Պատերազմից հետո ամենածանր հարվածը Արցախում գյուղատնտեսության ոլորտն է ստացել: Գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանն ասում է՝ երկրի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 80 տոկոսը մնացել է թշնամու տիրապետության տակ: Բացի այդ, նաև՝ մեծաթիվ կենդանիներ, գյուղտեխնիկա ու տարբեր ենթակառուցվածքներ:

Բայց ելքը գտել են ու ծրագրում են Արցախի ունեցած տարածքները նպատակային օգտագործել: «Այժմ գյուղատնտեսության ինտենսիվացում ու տարբեր ծրագրեր են իրականացվում, որի արդյունքում բերքը կլինի պաշտպանված, բերքատվությունը՝ բարձր: Ունենք տարածքներ, որոնք մինչ այդ չէին մշակվում, ու հիմա փորձում ենք դրանք ներառել մշակության տակ և աստիճանաբար մեր ունեցած մշակվող տարածքները կշատացնենք՝ ի հաշիվ չօգտագործվող տարածքների»,- «Մեդիալաբին» ծրագրերն է ներկայացնում նախարար Մուսայելյանը:

Հակակարկտային ցանցերի անցկացման ծրագրով, նախարարի խոսքով, նպատակ ունեն պահպանել բերքը տարերային աղետներից, իսկ ջերմոցային տնտեսության հիմնման ծրագրով՝ ավելացնել բերքատվության ծավալները:

«Մեծ ջանք ենք գործադրում, որ հնարավոր լինի ունեցած տարածքներով ավելի շատ մթերք, համախառն արտադրանք ստանալ: Եթե ասենք, որ կարճ ժամկետում կկարողանանք հասնել ինքնաբավության վերին շեմին, միանշանակ սխալ կլինի, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, փորձում ներդրումներ ներգրավել»,-նշում է նախարար Նորայր Մուսայելյանը:

Պատերազմից հետո Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հեռագնա արոտավայրերում ենթակառուցվածքների կառուցման նոր ծրագիր է իրականացնում: «Ունենք արոտավայրեր, որոնք բնակավայրերից ահագին հեռու են, և այնտեղ անասնապահությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, քանի որ չկան ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: Այս ծրագիրը նորություն է, որի շրջանակներում նախատեսել ենք տրամադրել վագոն տնակներ, կենդանիների պահման պայմանների պատրաստել, ջրման աղբյուրների վերակառուցել»,- ծրագրի էությունն է բացատրում նախարարը:

Այսպիսի տարածքները Արցախում, պաշտոնյան ասում է՝ շատ են, իսկ ծրագրից արդեն օգտվողներ կան:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման դեպքում նախարարը հույս ունի՝ Արցախի գյուղատնտեսության ոլորտը ոտքի կկանգնի և երկրի ՀՆԱ-ում կմոտենա իր նախկին առաջատար դիրքերին:

«Ռեսուրսների կորստից հետո կարճ ժամկետում դժվար է արձանագրել նախկին ցուցանիշները, բայց մոտ ցուցանիշներ կարող ենք ունենալ»,- ասում է գյուղատնտեսության նախարարը:

02 Հուլիս, 2022 11:49
Վեր