Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի կողմից սահմանին իրականացվող սադրանքները հենց նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի վրա ու հասնել միջանցքի բացմանը. Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի քաղաքականությունն ավելի ճկուն է, քան Ադրբեջանինը: Թուրքիան փորձում է Ադրբեջանի միջոցով իր հարցերը լուծել, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը Թուրքիան էլ է կիսում, դա նրա համար էլ է կարևոր ինչպես պանթուրքիստական ծրագրերի իրականացման առումով, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի հետ շփման, ռազմական տեխնիկա տեղափոխելու առումներով: Նրանք չեն ուզում, որ Հայաստանը այստեղ հսկողություն ունենա: Մենք պետք է լավ հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը նույն նպատակներն են հետապնդում՝ դիվանագիտական առումով տարբեր հնարքներ կիրառելով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տաշքենդում տեղի ունեցած Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին հայտարարությանը՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցություններին»,- նշել է Չավուշօղլուն, հավելելով՝ Անկարան ևս քայլեր է անում  հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը, ապա թուրքագետը կարծում է, որ սա Ադրբեջանի կողմից կոպիտ քաղաքականություն է, որը դիվանագիտության մեջ ընդունելի չէ. «Բայրամովի հայտարարությունն այն միջանցքային տրամաբանության մեջ է, որը ոչ միայն Հայաստանը չի ընդունում, այլ նաև Ռուսաստանը, որի միջնորդությամբ ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ  համաձայնագիրը, որտեղ չկա ոչ մի խոսք միջանցքի մասին: Ադրբեջանը համառորեն խոսում է մի բանի մասին, որը չկա գրված ոչ մի տեղ»:

Սաֆրաստյանը չի բացառում, որ այս հայտարարությունները կարող են կապված լինել շփման գծում տիրող լարված իրավիճակի հետ. «Եթե ընդհանուր իրադրությունը գնահատում ենք, ինչպես նաև Ադրբեջանի լկտի պահվածքն ու քաղաքականությունը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ապա չի կարելի բացառել, որ այն սադրանքները, որոնք իրականացնում է Ադրբեջանը սահմանին, հենց նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի վրա ու հասնել միջանցքի բացմանը»,- նշում է թուրքագետն ու հավելում, որ այս երկու գործողություններն իրար փոխկապակցված են:

Աննա Բզնունի

02 Օգոստոս, 2022 16:08
Վեր