Շուրջ 350 աղտոտված արագիլներից 40-ը բաց են թողնվել, 6-ը՝ անկել են. կենդանաբանը՝ արագիլների աղտոտման դեպքերի մասին

«Արագիլների աղտոտումն արդեն մոտ երեք-չորս տարի է, ինչ կա Հայաստանում: Առաջին տարին ի հայտ եկավ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում, երբ բարձրաձայնվեց խնդրի մասին, Հովտաշենի ուղղությամբ աշխատանքներ սկսվեցին և դրա հետևանքով, օրինակ այս տարի, այնտեղ այլևս չունենք նման դեպք, աղտոտված արագիլների վերաբերյալ ոչ մի ահազանգ չենք ստացել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով արագիլների աղտոտման թեմային՝ ասաց կենդանաբան Մանուկ Մանուկյանը:

Մանուկ Մանուկյան

Նրա խոսքով՝ այս տարի ավելի շատ դեպքեր արձանագրվել են  Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արտիմետ գյուղում.

«Խնդիրը հիմնականում Արարատյան դաշտում է` սկսած Մասիսի հատվածից մինչև Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաքը՝ հարակից գյուղերով։ Սակայն այս տարի ավելի շատ ահազանգեր լինում են Արտիմետ գյուղից: Ներկայումս մոտավորապես 300-350 աղտոտված արագիլ կա, բայց այս թվից 130-ն է, որ չի կարողանում թռչել: Նշեմ, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ էլի արագիլները չկարողանան թռչել, սակայն դրանցից մենք տեղյակ չլինենք: Այսինքն այդ թվերը, որ նշում եմ՝ ըստ մեզ մոտ եղած տվյալների է»:

Թե որոնք են արագիլների աղտոտման հիմնական պատճառները, կենդանաբանը նշում է. «Իհարկե, հիմնական պատճառը թափոններն են, քանի որ աղտոտման պատճառ կարող են լինել պահածոներ արտադրող գործարանների, թռչնաֆաբրիկաների, սպանդանոցների, ձկնաբուծարանների թափոնները: Հիմնականում աղտոտված են այս տարվա ընթացքում ծնված ձագերը, որոնք պետք է թռչեն բնից, բայց արդեն աղտոտվում են հենց բնում` ծնողների բերած սննդից։ Յուղի հաստ շերտով պատվում են նրանց փետուրները, որի վրա նստում է փոշին` անհնար դարձնելով հետագա թռիչքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղն ունի հիմնականում բուսական ծագում։ Երկրորդ վարկածն այն է, որ սաստիկ շոգ եղանակի պայմաններում արագիլները կտուցներով ջուր են բերում ձագերին հովացնելու համար, ցողում են նրանց վրա և չի բացառվում, որ յուղային շերտի որոշ զանգված էլ գալիս է հենց այդ ջրի հետ»:

Ըստ Մանուկյանի՝ փետուրների յուղով պատված լինելու պատճառով արագիլների ձագերի առաջին թիչքը չի ստացվում, փետուներն իրենց ֆունկցիան չեն կարողանում լիարժեք կատարել և արագիլները, հարվածում են թե՛ էլեկտրալարերին, թե՛ էլեկտրասյուներին և վնասում են իրենց ու ունենում են կոտրվածքներ. «Այս տարի ունեցել ենք մոտ 6 նման անկում: Այն արագիլները, որոնք բնից թռել իջել են ներքև ու չեն կարողացել բարձրանալ, բայց և չեն ստացել վնասվածքներ, կարողացել ենք օգնել, լողացնել, հետո բաց թողնել, իսկ մնացածի դեպքում՝ ոչ»:

Ահազանգ ստանալուն պես գնում ենք ու բերում աղտոտված թռչուններին, ասում է կենդանաբանն ու հավելում, որ մաքրման գործընթացն անում են Երևանում. «Երբ ստանում ենք ահազանգեր բնակիչների կողմից, հավաքագրում ենք իրականացնում: Մենք չենք կարող նրանց տեղում լվանալ, որովհետև դա բարդ գործընթաց է: Այդ արագիլներին բերում ենք Երևան, պահում քաղաքում գտնվող հատուկ տարածքում, խնամում ենք, երբ զգում ենք, որ փոքր ինչ կարգավորվել են, նոր լվանում ենք, հետո որոշ ժամանակ վերականգնողական փուլ է անցնում, տանում ենք Մասիսում գտնվող համապատասխան վայրում բաց ենք թողնում, որպեսզի նրանք նորից հարմարվեն իրենց վայրի կյանքին: Այս տարի մոտավորապես 40 թռչուն արդեն բաց ենք թողել»,- նշում է նա և հավելում, որ չնայած այս ամենին, փորձը ցույց է տալիս, որ այդ վայրում բաց թողնելուց մեկ օր հետո արագիլները թռչում են և գնում ուրիշ տեղ:

Համեմատություն անցկացնելով նախորդ տարիների հետ՝ Մանուկ Մանուկյանն ասում, է որ այս տարի արագիլների աղտոտման դեպքերի քանակի նվազում է նկատվում:

 

Աննա Բզնունի

08 Օգոստոս, 2022 14:37
Վեր