Այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2.4 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Մեխակ Ապրեսյանն ամփոփում է 2022 թվականի առաջին կիսամյակը

«Այս տարի Հայաստան է այցելել 588 հազար զբոսաշրջիկ, որը 2.4 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն զգալիորեն պակաս է 2019 թվականի ցուցանիշից: 2019 թվականին այդ թիվը եղել է ավելի քան 770 հազար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում խոսելով այս տարվա զբոսաշրջության ցուցանիշների մասին՝ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյան

Նրա խոսքով՝ վերջին տարիներին զբոսաշրջության վրա մի շարք գործոններ են ազդել. «Կորոնավիրուսի, հետո պատերազմի հետևանքով զբոսաշրջիկների թիվը նվազեց, հիմա կարծես ուզում ենք վերականգնվել, ունենք որոշակի թվեր, որը ցույց է տալիս, որ սկսել է վերականգնման գործընթացը: Այցելություններ իհարկե ունենք, բայց ցավոք պետք է նշենք, որ կազմակերպված զբոսաշրջությունը դեռ չի մտել կայուն վերականգնման փուլ, հիմնականում անհատական այցելություններ են լինում: Հիմա մեզ մոտ մի նոր խնդիր էլ է առաջացել՝ կապված եվրոյի ու դոլարի նկատմամբ հայկական դրամի զգալի արժևորման հետ: Սա ըստ էության հանգեցրել է խնդիրների՝ հատկապես ներգնա զբոսաշրջության համար, որովհետև ներգնա զբոաշրջային ծառայությունները, փաթեթները զգալիորեն՝ առնվազն 30%-ով թանկացել են: Հայաստանում առանց այն էլ ունենք որոշակի գնաճ, դրան էլ գումարվել է դրամի արժևորումը առնվազն 20%-ով, և սա բերել է դոլարով, եվրոյով վճարվող շուկայում զգալի թանկացման»:

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ այս ժամանակահատվածի համար անհրաժեշտ է սուբսիդավորել ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացումը.

«Եթե այսօր զբասաշրջային խմբերը գալիս էլ են, դա չեղարկել հնարավոր չի լինում, որովհետև երկրի իմիջի հարցը կա, եթե նրանք գալիս են, ընդունում ենք, բայց արդեն վնասով: Պատկերացրեք, որ փաթեթը 20-30%-ով թանկացած է, բայց նրանք նախօրոք են վերցրել, այսինքն նախկին գներով են գալիս, այստեղ ոչ միայն մեր ըներութունները չեն օգտվում, այլ նաև վնաս են կրում,  և եթե այս ամենը շարունակվի հնարավոր է նաև փակվեն: Մենք սա չպետք է թույլ տանք,  այս հարցով այսօր արդեն գրություն ենք ուղարկել Կառավարություն և ակնկալում ենք քննարկել սրա հետևանքով առաջացած վնասների հատուցման հնարավորությունը, ինչպես նաև եթե այսօր էլ լինեն խմբեր, որոնք ուզենան գալ, ապա մենք կկարողանանք սուբսիդավորել և այդ առաջացող վնասը ծածկել»,- ասում է Ապրեսյանն ու ընդգծում, որ դրանով հնարավոր կլինի պահպանել երկրի իմիջը:

Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ այս ոլորտում շատ անելիքներ կան. «Պետք է կարողանանք շատ նրբորեն համաշխարհային շուկային հասցնել այն տեղեկատվությունը, որ Հայաստանը մնում է գրավիչ, ցանկալի երկիր: Դա ոչ թե պետք է հայտարարենք, այլ տարատեսակ միջոցառոումների միջոցով ցույց տանք, որ այստեղ անվտանգ է: Օրինակ՝ օգոստոսի 11-ին Սյունիքում անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն՝ «Նավասարդ» անվամբ, պետք է մենք կարողանանք սա լայնորեն լուսաբանել և դրանով երկու կարևոր խնդիր  լուծել: Նախ՝ սա մի նոր հետաքրքիր զբոսաշրջային փաթեթ է, որը շատ հետաքրքիր է լինելու համաշխարհային շուկայի համար: Բացի դրանից, շատ կարևոր է  շեշտադրել, որ այս փառատոնն անցկացվում է Սյունիքի մարզում: Աշխարհին ցույց է տրվելու նաև, որ տեսեք այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, նրանք բոլորը հանգիստ շրջում են ու վայելում են, իսկ ամենակարևորը, որ անվտանգ են»:

Թե ինչպես է ազդում զբոսաշրջությունը տնտեսության վրա, Ապրեսյանն ասում է, որ այն մեծապես դրական ազդեցություն է ունենում. «Զբոսաշրջությունը տնտեսության շարժիչ ուժն է, այն սնում է տնտեսության մնացած բոլոր ճյուղերը: Այն շատ հզոր ֆենոմեն է, որն ի վիճակի է նպաստել և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ մշակութային խնդիրների լուծմանը»:

Ապրեսյանի խոսքով՝ այս տարի Հայաստան են այցելել հիմնականում Ռուսաստանից. «Նրանց պարագայում փոխարժեքի հետ կապված խնդիր չի առաջացել, որովհետև ռուբլին կայուն է: Մնացած երկրներից էլ կան այցելություններ, բայց դրանց տոկոսը փոքր է»,- նշում է նա և հավելում, որ զբոսաշրջիկները նախընտրել են Հայաստանի տարբեր ուղղություններ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հիմա էլ զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը և շարունակում են գալ, իսկ թե ինչպիսին կլինեն ցուցանիշները, Ապրեսյանը նշում է, որ այն կամփոփվի հաջորդ եռամսյակում:

 

Աննա Բզնունի

09 Օգոստոս, 2022 14:44
Վեր