«Մանկուց սիրել եմ զինվորականի գործը, համազգեստը միշտ ձգել է ինձ, մինչև հիմա էլ այդպես է: Ճիշտ է՝ հիմա չեն ընդունում ինձ նորից ծառայության առողջական խնդիրների պատճառով, բայց եթե պետք լինի մեծ սիրով ու հաճույքով էլի կգնամ կծառայեմ ու կմասնակցեմ ցանկացած գործողության»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է մայոր Պետիկ Արամյանը: Նա, լինելով ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից, ստացել է վիրավորում և այլևս չի կարողացել շարունակել իր գործը՝ ծառայել հայրենիքին:
Պետիկը ծնվել է Արտաշատ քաղաքում, դպրոցը գերազանց ավարտելով՝ որոշել է ընտրել զինվորականի մասնագիտությունը. «Դպրոցում շատ լավ եմ սովորել, կարող էի այլ մասնագիտություն ընտրել, բայց չուզեցի: Ե՛վ ընտանիքս, և՛ հարազատներս դեմ էին, որ ես դառնայի զինվորական, բայց բոլորին դեմ գնացի և ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որովհետև ինձ այլ տեղում չէի պատկերացնում: Նախքան ռազմական ինստիտուտ ընդունվելն էլ զգացել եմ հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորությունը, և արդեն ինստիտուտում դա առավել արժևորվեց ինձ համար»:
Հարցնում եմ՝ այժմ չի՞ զղջում որոշման համար, հայացքում ոչ մի կասկածի նշույլ չկա, գլխով բացասական նշան է ցույց տալիս ու վստահաբար ասում. «Չեմ զղջացել նույնիսկ պատերազմից հետո»։
Ինստիտուն ավարտել է 2014 թվականին, ապա անմիջապես ծառայության անցել Քարվաճառում, իսկ ընդամենը 2 տարի անց՝ ապրիլյան քառօրյա պատերազմ. «Այդ ժամանակ արդեն ավագ լեյտենանտ էի: Այդ չորս օրերի ընթացքում հասկացել ու գիտակցել եմ, որ ինչ անում եմ առաջինն անում եմ հենց հանուն հայրենիքի, երկրորդն էլ՝ պատասխանատվությունն էր ընտրածս մասնագիտության հանդեպ. ցանկացած պարագայում ես պետք է անեի առավելագույնը: Քառօրյայի ժամանակ ոչ մի դիրք չենք կորցրել, մեր առջև դրված խնդիրը կարողացել ենք լիարժեք կատարել»:
«Եթե ես մի գործ սիրել եմ ու նվիրվել եմ դրան, հաստատ հետ չեմ նահանջի, միշտ առաջնորդվել եմ ոչ մի քայլ հետ սկզբունքով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում վստահաբար նշում է մայոր Պետիկը:
2018 թվականին Պետիկին տեղափոխում են Հադրութ, որտեղ մեկ տարի հետախուզությամբ է զբաղվում, իսկ հետո տեղափոխվում Երևան՝ Ենթասպաների ուսումնարանում դասավանդելու: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա դեռ Երևանում էր, բայց պատերազմի լուրը լսելուն պես մեկնում է սահման. «Առանց ինչ որ մեկին ասելու գնացել եմ «Զբոռնի պունկտ» (կենտրոնական հավաքակայան), ասել եմ ինձ անձնակազմ տվեք, չնայած որոշ խոչընդոտների՝ տվել են անձնակազմ ու մեկնել ենք Արցախ: Սկզբնական շրջանում, իհարկե, բարդություններ կային, դժվար էր, մի պահ տղաներն ընկճվել էին, բայց մեզ թափ տվեցինք, համախմբվեցինք, ամրացանք, որ ապրեինք»:
Ի՞նչն է պատերազմի օրերին առաջ տարել մայոր Պետիկին. «Ինչ-որ բաների մասին մտածելու շատ ժամանակ չէր լինում, պատերազմն այդպիսին է, ճիշտ է՝ այդ ժամանակ գլխումդ մտքեր են գալիս՝ ընտանիք, ծնողներ, ի՞նչ կլինի նրանց հետ, եթե քեզ մի բան պատահի, ծանր զգացողութուններ լինում էին, դրա համար էլ աշխատում էի ոչ մի բանի մասին չմտածել: Պատերազմի դաշտում գտնվողները նայում են քեզ և երբ դու զգում ես, որ նրանցից շատերի կյանքը կախված է քեզանից, քանի որ սպա ես, այդ պարագայում թուլանալու ժամանակ չես ունենում, իրավունք էլ չունես, պիտի ձգտես բոլորից ավելի ուժեղ գտնվել ու կարողանալ քո անձնակազմին քո իսկ օրինակով առաջ տանել: Չէի կարող թողնել՝ իմ անձնակազմից որևէ մեկին ինչ-որ բան պատահեր, ո՞նց պիտի տղերքի ծնողների աչքերին նայեի»:
Պետիկն իր խոստումը կատարել է՝ 102 հոգանոց անձնակազմից ոչ մեկին չի կորցրել, միակ վիրավորն էլ ինքն է եղել:
Հադրութ, Ջրական, վերջին կանգառը Դժոխքի ձոր...
«Վիրավորվեցի հոկտեմբերի 27-ին, Դժոխքի ձոր կոչվող տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից, ստացել եմ գանգուղեղային վնասվածք: Վիրավորումից հետո ընդհանրապես ոչ մի բան չէի հիշում: Մի օր Ստեփանակերտում են պահել, հետո ինքնաթիռով ուղարկել են Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: 20 օր կոմայի մեջ եմ եղել, կոմայից դուրս գալուց հետո չեմ կարողացել քայլել 2 ամիս, ունեցել եմ նաև տեսողական խնդիր»:
Պետիկ Արամյանն ասում է, որ միշտ լավատես է եղել. «Հիվանդանոցում պառկած էլ միշտ մտածել եմ, որ լավ է լինելու, որ քայլելու եմ, բուժվելու եմ: Ես ինձ միշտ ուժեղ եմ պատկերացրել և փորձել եմ այդպիսին լինել, իմ մեջ այնքան ուժ եմ գտել, որ կարողացել եմ ամեն ինչ շատ շուտ հաղթահարել: Չեմ ուզել ինձ ծանրաբեռնել այն մտքերով, որ ես այս մի բանը չեմ կարող անել: Վիրահատությունից երեք օր անց թաքուն քայլել եմ գիշերը պատերից բռնվելով, բժիշկը թույլ չէր տալիս քայլել»:
Առաջին հարցը վերաբերել է անձնակազմին, ընկերն ասել է՝ նրանց հետ ամեն ինչ կարգին է: Պատերազմի մասին էլ փորձել է հետաքրքվել, բայց ասում է, որ հարազատներն ամեն կերպ խուսափել են պատասխաններից:
«Վերջին վիրահատությունիցս երկու ամիս հետո գնացել եմ Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, 2 ամիս էլ այնտեղ եմ մնացել: Զինվորի տունն իսկապես մի մեծ ընտանիք է, իզուր չի անունը հենց զինվորի տուն է, երբ մտնում ես այնտեղ, այն իսկապես դառնում է քո տունը»:
Պետիկն այնտեղ կարողացել է ոտքի կանգնել, ձեռք է բերել նոր ընկերներ և հենց այստեղ էլ նրան տրվել է աշխատանքի նոր հնարավորություն. «Զինվորի տանը ծրագիր կար, այդ ծրագրին էի դիմել աշխատանքի անցնելու համար և ընդունվեցի: Հիմա աշխատում եմ Զվարթնոց օդանավակայանում՝ որպես ավիացիոն անվտանգության տեսուչ»:
Պետիկը կրկին նախընտրել է համազգեստը
«Նախքան այս աշխատանքին անցնելը, մի քանի անգամ փորձել եմ հետ գնալ նորից զինվորական ծառայության, դիմել եմ ՊՆ, բայց ապարդյուն: Մինչև հիմա էլ մտածում եմ հետ գնալու մասին: Հիմա էլ, երբ լսում եմ լարված է սահմանին դրությունը, ամեն վայրկյան մտածում եմ՝ ոնց անեմ, որ կարողանամ զինվորի կողքին լինել: Առանց մի վայրկյան մտածելու էլի կգնամ ու կկանգնեմ սահմանին: Իմ մեջ ոչինչ չի փոխվել»:
Պետիկը նշում է, որ ներկայիս աշխատանքը որոշ չափով նման է զինվորականի մասնագիտությանը, ժպտալով կրկին օրինակ է բերում համազգեստը. «Մոտավորապես 5 ամիս է աշխատում եմ: Այս շրջանում դեռ կմնամ այս աշխատանքին, բայց հետագայում այլ ոլորտ եմ ուզում մտնել, չգիտեմ ծրագրավորում, հաշվապահություն կամ մի այլ տեղ: Հիմա հիշողության հետ կապված խնդիր ունեմ, երբ բուժվեմ գոնե որոշ չափով կփորձեմ ինձ այլ ոլորտում: Պետք է կարողանաս քո մեջ պայքարել ու վերադառնալ բնականոն կյանքի, առաջինը հենց քեզ համար: Ինձ վրա շատ եմ աշխատել, որ կարողանամ ինձնից հեռացնել այնպիսի մտքեր, որոնք կխանգարեն ինձ ապրել, հավատացեք ստացվել է, հիմա ես ապրում եմ ու ապրեցնում ինձ սիրող մարդկանց»:
Առաջին նպատակն ընտանիք կազմելն ու շատ երեխաներ ունենալն է: Ինչքան շատ երեխա ծնվի, այնքան կհզորանա մեր հայրենիքը: Իսկ հայրենիքը մենք բոլորս ենք։ Նա խոսում է նաև ապագա ծրագրերից. «Ընկերներով ծրագիր ունենք, որի մասին չեմ ուզում հիմա բարձրաձայնել, բայց իրագործելու պարագայում մեր երկիրն ու բանակը կհզորանա: Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, եթե ֆինանսապես կարողանանք կայուն լինել, ապա զինված ուժերին կկարողանանք որոշ չափով օգուտ տալ»:
Սպա Արամյանը վստահեցնում է՝ երբեք չի լքելու իր հայրենիքը, այն հայրենիքը, որի սահմանի ամեն թիզ հողի համար ինքն ու իր նման շատերը պայքար են մղել:
Աննա Բզնունի