Երևանում 17-ամյա որդին պարանի միջոցով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Թորոսյանի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։  Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:

Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին տանտիրոջ՝  55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը:

Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ՝ դեպքի վայր էր ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը:

13 Օգոստոս, 2022 11:56
Վեր