«Ծախսերից եկեք չխոսենք, որովհետև ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձացմանը՝ արդարացված է »,- Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու համար պահանջվող ծախսերին՝ նման դիտարկում արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Այո, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, քննարկվում են տարբերակներ , ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքի վրա։ Դա չի լինելու մեխանիկական միավորում, ցուցաբերվելու է որոշակի բովանդակային մոտեցում »,- ընդգծեց Դումանյանը։
«Ես շատ դրական եմ նայում գաղափարին։ Դրա հիմքում ունենալն է մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր և ենթակառուցվածքներ , բուհական և գիտական միջավայր, ինչը լիովին հնարավոր է իրագործել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է »,- ասաց նախարարը։
Խոսելով այն մասին՝ թե ինչպես պետք է կազմակերպվի դեպի Աշտարակ հաղորդակցութունը՝ Դումանյանը ասաց․ «Կոմունիկացիան՝ գնալ գալը պետք է լինի շատ հարմարավետ՝ ենթադրենք արագընթաց գնացքով։ Հիմա մենք Երևանից Սևան գնացք ունենք, Երևան- Աշտարակ գնացք ունենալու մեջ ի՞նչ խնդիր կա։ Ակադեմիական քաղաքը նման բաներ է ենթադրում»։
Անդրադառնալով այն քննարկումներին, թե հնարավոր է Երևանում մնացող բուհերի շենքերի, օրինակ՝ ԵՊՀ-ի ներսում հյուրանոց կառուցել, նախարարը նշեց, որ անգամ արժանի չի համարում այդ անմտությունը քննարկել կառավարության շենքում․ «Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է դա և նման բան ես ընդհանրապես լուրջ մարդկանից երբևէ չեմ լսել ։ Սրանից անլուրջ միտք հնարավոր չէ կրթական դաշտում պատկերացնել»։