Առաջարկվում է ցեմենտի համար կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահամանել 9000 դրամ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահամանել 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքն հանել ընդհանրապես:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստում ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, նշեց ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը:

«Դեռ 2019 թվականին մենք ցեմենտի շուկայում լուրջ խնդիր ունեցանք, քանի որ իրանական էժան ցեմենտը սկսեց մեծ թափով մտնել հայկական շուկա և տեղական արտադրողները պարզապես չդիմանալով մրցակցությանը՝ հայտնվել էին սնանկացման վտանգի առաջ: Այն ժամանակ որոշում ընդունվեց կիրառել տուրք, որպեսզի տեղական արտադրողներն ավելի պաշտպանված լինեն: Տուրքի չափը, երկար քննարկումներից հետո, այդ պահին առկա հասանելի տվյալների վերլուծության հիման վրա, որոշվեց սահմանել 14 հազար դրամ: Այսինքն, մենք արհեստականորեն 14 հազար դրամով թանկացրեցինք Հայաստան ներկրվող ցեմենտի գինը, որպեսզի տեղական արտադրողները կարողանան դիմանալ մրցակցությանը»,- ասաց Թունյանը և հավելեց, որ միևնույն ժամանակ այդ օրենքն ընդունելուն զուգահեռ նշվեց, որ պետք է տեղական արտադրողները սա չընդունեն որպես անժամանակ կամ հավերժ նվեր և իրենք էլ քայլեր ձեռնարկեն՝ իրենց արտադրողականությունն ավելացնելու, ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի հավերժ ստիպված չլինենք պետական տուրքով իրենց պաշտպանել:

«Վիճակագրությունն ու վերջին 3 տարիների դինամիկան ցույց է տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև, որքան էլ որ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան՝ իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում նախ ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Օրինակ այս տարվա միայն առաջին 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ. դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Անցած տարի արտադրվել է 853 հազար տոննա ցեմենտ: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռն էական մեծացել է: Եթե 2019 թվականին ներմուծումը հասել էր մինչև 25 տոկոսի, տեղական արտադրության ծավալը, կշիռը նվազել էր մինչև 75 տոկոս, այսօր ներմուծումը նվազել է 5 տոկոսից ավելի՝ մոտ 4 տոկոսի սահմաններում և գերակշիռ մասը տեղական արտադրողների բաժինն է շուկայում»,- նշեց նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, այսօր ունենք իրավիճակ, երբ իրանական ցեմենտի գինը սահմանի վրա էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են

«Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը՝ տեղի է ունենալու այն, ինչ հիմա տեղի է ունենում: Այսինքն, ներմուծումը արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ և այս վերջին շրջանում, հատկապես, կառուցապատողները շատ են այդ թեմայով դժգոհությունները արտահայտում»,- ասաց Թունյանը:

12 Սեպտեմբեր, 2022 12:06
Վեր