Ներդրողները կկարողանան հավաստագրված տնկանյութ ձեռք բերել․ ներմուծվածի նկատմամբ այն 70 տոկոսով ավելի էժան կարող է լինել․ խորհրդարանը քննարկում է նախագիծը

« Սերմերի և տնկանյութի մասին նոր օրենքով  մենք ստեղծում ենք տնկանյութի հավաստագրման  համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթ, որը թույլ է տալու, որպեսզի մենք կարողանանք  ստեղծել հավաստագրված տնկանյութի  պրոդուկտ և կարողանանք  մեր ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին  առաջարկել ավելի բարձրակարգ  և բարձր որակի տնկանյութեր, որոնք անցել են որոշակի հավաստագրման գործընթաց»,-  ԱԺ այսօրվա նիստում ներկայացնելով  « Սերմերի և տնկանյութի մասին»  վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին  և « ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  օրենքներում  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ փաթեթները նշեց  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը; 

«Վերջին տարիներին հանրապետության նոր բնակլիամայական պայմաններում չփորձարկված հատապտղային բույսերի ներմուծման և դրանցով  արտադրական այգիների հիմնումը  հավաստագրված տնկարանների կողմից  ապրանքային բարձր որակով օժտված տնկանյութի արտադրության բացակայությունը  պահանջ է  առաջացնում ՀՀ-ում  տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության համար »,- հայտնեց նախարարը։

«Հավաստագրված տնկանյութը կարող է երաշխավորել  ոչ միայն հատապտղային այգիների արտադրողականության բարձրացումը , այլ նաև հնարավորություններ կընձեռի տնկանյութի արտահանման համար։ Հավաստագրման գործընթացի իրականացման արդյունքում  տնտեսվարողների կողմից այգեհիմնման նպատակով  կատարված ներդրումները կլինեն արդարացված »,- ներկայացրեց Քերոբյանը։

Ըստ նրա՝ այս պարագայում տեղական արտադրության տնկանյութի գինը ներմուծվածի նկատմամբ  կարող է շուրջ 70 տոկոսով նվազել․ «Այն մասնակի կփոխարինի ներմուծվող տնկանյութին, որի արդյունքում տնտեսական օգուտը կարող է լինել տասնյակ միլիոնավոր դոլարներ»։ 

12 Սեպտեմբեր, 2022 13:54
Վեր