Այն ինչ ձեռք ենք բերել այս մի քանի օրում, պետք է շարունակական լինի և բերի իր արդյունքները, որոնք կարող են սաստել Ադրբեջանի հետագա գործողությունները. քաղաքագետը՝ Փելոսիի այցի մասին

«Այցը շատ կարևոր էր Հայաստանի համար՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ այն համընկավ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ: Հիմնական մեսիջը, որը Փելոսին հայտարարեց նա էր, որ ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է, ԱՄՆ-ն թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը շարունակի իր ագրեսոր գործողությունները մեր երկրի նկատմամբ, և ԱՄՆ-ն մեզ համար բարեկամական երկիր է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Այս հանդիպման ֆոնին քաղաքագետը ընդգծում է  Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի կարևորությունը. «Ես կուզեի հատուկ շեշտել, որ գիշերը կայացել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը, որում Բլինքենն ասել է՝  ԱՄՆ-ն պնդում է, որ տարածաշրջանում պետք է պատերազմ չլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև բոլոր հակասությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս այցն անպես չէ, որ դեկլարատիվ բնույթ է կրում, և մենք տեսնում ենք ԱՄՆ-ի հանձնառությունը՝ գնալ այդ ճանապարհով: Այլ հարց է՝ ինչպիսի առաջարկություններ է հնչեցվել Երևանում Փաշինյանի և մեր Կառավարության կողմից ԱՄՆ-ին, դրա մասին կարծում եմ դեռ վաղ է խոսել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ ԱՄՆ-ն ցանկանա մեզ օգնել, առաջինը մեզ օգնողը լինելու ենք մենք, մենք պետք է առաջարկություններ անենք ԱՄՆ-ին, որպեսզի մեր միջև ձևավորվի հստակ և շարունակական գործընկերություն, որ այդ ամենը չմնա միայն դեկլարատիվ հայտարարությունների տեսքով»:

Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ այս այցերը միանշանակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի դուռը բաց է դեպի Հայաստան. «Այն խոսակցությունները, հիմարությունները, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, բացարձակ սուտ է և մանիպուլյացիա: Փելոսիի այցը ցույց է տալիս, որ այդպիսի նույնիսկ միտումներ չկան, դուռը բաց է կմտնենք մենք այդ դռնով, կփորձենք ունենալ նորմալ հարաբերություններ աշխարհի հետ՝ կախված է միայն և միայն մեզանից և մեր քաղաքական ղեկավարության քաղաքական խիզախությունից»:

Ստեփանյանը կարևոր արձանագրում է համարում այն, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը հասցեկան մեղադրել է Ադրբեջանին. «Ես կուզեի հիշեցնել, որ Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն նաև նշվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ և նշվել է ոչ մեկ անգամ,  սա կարծում եմ շատ կարևոր հանգամանք է, որը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի: Մեր ղեկավարությունը և դիվանագիտությունն ունի մեծ դաշտ աշխատանքի համար, որպեսզի այն ինչ ձեռք ենք բերել այս մի քանի օրում՝ ռազմական ագրեսայից հետո, շարունակական լինի և բերի իր արդյունքները, որոնք բխում են մեր շահերից և որոնք հարված են լինելու Ադրբեջանին ու կարող են սաստել նրա հետագա ագրեսոր գործողությունները»:

Այցից հետևություն անելով՝ քաղաքագետը նշում է՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը ցույց է տալիս, որ Հայաստանը մենակ չէ. «Հայաստանն ունի գործընկերներ, Հայաստանն ունի դաշնակիցներ, և մեծ հաշվով ես նորից եմ ուզում դա շեշտել, այն ինչով կավարտվի այս ամենը և արդյոք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կզարգանան, թե՝ ոչ, առաջին հերթին կախված կլինի մեզանից»:

 

Աննա Բզնունի

19 Սեպտեմբեր, 2022 12:45
Վեր