Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ԿԳՄՍ նախաարության որոշմամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում որոշ դպրոցներ դադարեցրին իրենց աշխատանքը: Շուրջ մեկ շաբաթ փակ մնալուց հետո այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ այդ դպրոցներից որոշները կվերսկսեն դասապրոցեսը և կանցնեն առկա ուսուցման:
Zarkerak.am-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի որոշ դպրոցների հետ և հասկանալ արդյոք դասերն իրենց բնականոն հունով ընթանում են և ինչպիսինն է աշակերտների տրամադրվածությունը. «Մեր դպրոցը սպասարկում է երկու փոքր համայնքի երեխաների՝ Վանեվան և Տորֆավան: Շաբաթ, կիրակի բոլորի հետ կապի մեջ ենք եղել, ասել ենք երկուշաբթի եկեք դասերը վերսկսվում են: Առավոտյան ներկա-բացակա արեցինք, ունենք 139 աշակերտ, որոնցից մոտ 15-20-ը չէին եկել, որովհետև Երևանում էին: Ընդհանուր առմամբ, տրամադրությունները նորմալ էր, ամենակարևորը, որ խուճապ չկար»,- մեզ հետ զրույցում ասում է «Վանեվան» գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Քոչարյանը:
Քոչարյանը վստահաբար ասում է, որ ոչ մի աշակերտի մեջ վախ չի նկատել. «Մենք խոսեցինք աշակերտների հետ, բացատրեցինք իրավիճակը, ասացինք, որ հնարավոր չի թուրքը մտնի մեր տարածք: Ես կարծում եմ, որ այստեղ ամենակարևորն այն է, որ ծնողների հետ ավելի շատ աշխատանք պետք է տանել, զրուցել, որպեսզի նրանք իրենց երեխաներին ուղղորդեն դպրոց»:
«Փամբակ-Դարանակի» միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում փաստում է, որ աշակերտների մոտ վախ չի եղել և դասապրոցեսը նորմալ հունով ընթացել է. «Սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված անցած շաբաթվանից դասապրոցեսը կանգնած էր մեզ մոտ: Այսօրվանից վերսկսել ենք դասերը, խուճապ որպես այդպիսին չկա, մտահոգություններ իհարկե կան: Ուսուցչական անձնակազմն ամբողջությամբ տեղում էր այսօր, աշակերտներից կային բացականեր, բայց նրանց թիվն այդքան մեծ չէր»,- ասում է դպրոցի տնօրենն ու վերահաստատում. «Իմ աշակերտների մոտ, իմ ազգի մոտ, իմ հայ ժողովրդի մոտ վախ ու խուճապ չկա»:
Նշված դպրոցներում դասապրոցեսը վերսկսելուց հետո՝ իրականացվում է առկա ուսուցում։
Աննա Բզնունի