Վերջին շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է․ թե ինչ գործոններով է պայմանավորված՝ մեկնաբանել է տնտեսագետը

Վերջին շաբաթվա ընթացքում արտարժույթի շուկայում զգալի տատանումներ են նկատվում: Մասնավորապես,  տեղի է ունենում դրամի արժեզրկում: Թե ինչի՞ հետ է կապվում այն և ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա Zarkerak.am-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ: Նրա խոսքով, բոլոր դեպքերում արտարժույթի փոփոխության հիմքում առաջարկի ու պահանջարկի փոփոխությունն է:

«Եթե դրամի գինը դոլարի նկատմամբ նվազում է, դա նշանակում է, որ դրամի պահանջարկը համեմատաբար նվազում է դոլարի կամ այլ արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի ֆոնին»,- նշեց տնտեսագետն ու հավելեց, որ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ արտարժութային լուրջ ներհոսքի պատճառով դրամն արժևորվել է, որը տնտեսության առանձին հատվածներին հարված էր հասցնում, հիմա հակառակ պրոցեսն ենք  տեսնում:

«Բացի այդ, կամայական ռազմաքաղաքական անկայունության, անվտանգային կամայական խնդիր ի հայտ գալու դեպքում առկա է նմանօրինակ ռիսկ, իսկ երբ ազգային արժույթի նկատմամբ որոշակի վստահության անկում է լինում և մարդիկ փորձում են իրենց ռիսկերը ապահովագրել արտարժույթի մեջ ներդրումներ անելու տարբերակով: Այսինքն, դա շուկայի մասնակիցների արձագանքն է երկօրյա պատերազմին, որը տեղի ունեցավ Հայաստանի սահմանին»,- ասաց Արմեն Քթոյանն ու ընդգծեց, որ իրավիճակը խուճապային համարել պետք չէ, այլ, պարզապես մարդկանց արձագանքն է անորոշության, քանի որ չգիտեն դրամի հետ ինչ կարող է լինել:

RATE.am կայքի տվյալներով (20.09.2022 ժամը՝ 14:00)

Տնտեսագետի խոսքով, որակական տեղաշարժ, թռիչք չկա և բացի այդ պետք է հաշվի առնել, որ դրամը երկար ժամանակ արժևորվում էր և ինչ-որ առումով շուկայի բոլոր մասնակիցները, կամ մասնակիցների մեծ մասը դա չէին համարում բնական կամ երկարաժամկետ գործընթաց:

«Հանրությունը հակված է դրամի արժևորումը համարել կարճաժամկետ, որքան էլ հիմնավոր լինեն դրա պատճառները և այդ կարճաժամկետ սպասումը նշանակում է, որ նրանք միշտ սպասում են, որ ինչ-որ պահից սկսած սկսելու է արժեզրկվել և այս պատերազմի ֆոնին էլ, կամ պատերազմը հանդիսացավ այն խթանը, որ միգուցե այդ պահն արդեն եկել է»,- ընդգծեց տնտեսագետը:

Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան և դրամի արժեզրկումը կշարունակվի արդյոք, Քթոյանը դժվարացավ ասել և նշեց, որ անորոշության բարձր մակարդակով վիճակում դժվար է կանխատեսումներ անել:

«Շատ գործոններից է կախված, դեռ ռուս-ուկրաինական պատերազմն ակտիվ փուլերում է, Հայաստան եկած այցելուները դեռ որոշում չունեն իրենց ապագայի հետ կապված, տրանսֆերտի ներհոսքը դեռ բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, երկօրյա այդ պատերազմի հանգուցալուծումը դեռևս տեսանելի չի, և հանրության ու նաևփորձագիտական շրջանակներում  շրջանառվում են նոր սրացման բարձր հավանականության մասին լուրերը: Այս ամենը, այո՛ , առաջին հերթին ազդում են դրամի նկատմամբ վստահության վրա, բայց մի կողմից էլ ես չէի համարի, որ այդ պրոցեսները՝ որոնք դրամի առնչությամբ տեղի են ունենում, խոսում են արմատական փոփոխությունների մասին: Սա առաջին՝ շոկային արձագանք է և այդ արձագանքը, չեմ կարծում, որ երկար ժամանակահատվածի ընթացքում կպահի իր դիրքերը»,-ընդգծում է տնտեսագետը:

Հարցին, թե ինչ ազդեցություն կարող են այս գործընթացներն ունենալ տնտեսության վրա, Արմեն Քթոյանն ասում է, որ կախված է, թե ինչքան  ժամանակահատված կպահպանվի:

«Մենք միշտ խոսել ենք, որ արժևորված դրամը բացասաբար է ազդում արտահանման վրա, հիմա դրամի արժեզրկումը կարող է արտահանման համար լրացուցիչ խթան հանդիսանալ՝ շատ նշանակալի չէ, բայց ինչ-որ ազդեցություն թեթև կունենա: Դրսից եկող տրանսֆերտների գնողունակությունը կբարձրանա, մեր ՏՏ ոլորտը բավականին բարդ վիճակում էր հայտնվել՝ արժևորված դրամի պայմաններում»,-շեշտեց նա ու անդրադարձավ հնարավոր բացասական արդյունքներին.

«Մյուս կողմից դրամի արժեզրկումն ավելացնում է մեր արտաքին պարտքի բեռը, որը, բնականաբար, արտարժույթով է արտահայտվում, բայց վճարվում է դրամով: Այսինքն, դրամը բյուջեից դուրս է գալիս, փոխարկվում է արտարժույթի և վճարվում է: Հիմա արտարժույթն ինչքան թանկ լինի, այնքան շատ դրամ է պետք պարտքային պարտավորությունները կատարելու համար»,- ասաց Քթոյանն ու հավելեց, որ նաև ներմուծվող ապրանքների գների վրա սա կարող է անդրադառնալ՝ աճի ուղղությամբ. «այսինքն, սա գնաճի ինչ-որ մի նպաստող գործոն կարող է հանդիսանալ հավելյալ: Ամեն ինչ կախված է, թե ինչքան կտևի»:

 

Արաքսյա Փաշոյան 

20 Սեպտեմբեր, 2022 14:10
Վեր