Բաքուն պետք է հասկանա, որ խաղում է կրակի հետ. իրանցիներն օգտագործել են նաև փակ խողովակներն Ադրբեջանի վրա շատ կոպիտ ճնշում գործադրելու համար. Վարդան Ոսկանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին օրերին բարձրագույն տարբեր մակարդակներով հայտարարում է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տալու:

«Ակնհայտ է, որ Իրանը պաշտոնական բոլոր մակարդակներում հայտարարել է այն մասին, որ հայ-իրանական սահմանը պետք է մնա անխախտ, որևէ պարագայում որևէ փոփոխություն կամ սահմանի աշխատանքի դադարեցում անթույլատրելի է դիտարկվում և այդ մասին ամենաբարձր մակարդակի հայտարարությունն արվել է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից: Այս ամենն ուղենիշ է այդ պետության քաղաքական, հասարակական նաև ԶԼՄ-ների տիրույթում աշխատող անխտիր բոլոր գործիչների համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունների հաճախականությունն ըստ էության պարտադրված է. «Պարբերաբար իրավիճակը սրվում է ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագծի և ագրեսիվ գործողությունների պատճառով, հետևաբար Իրանից պարբերական փաստացի զգուշացումներ են հնչում այն մասին, որ Բաքուն պետք է հասկանա, որ խաղում է կրակի հետ»:

Անդրադառնալով Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի այն հայտարարությանը, որ Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի՝ իրանագետն ասաց. «Ակնհայտ է, թե ով է ուզում մեր տարածաշրջանում փոխել սահմանները և ձեռք գցել այսպես կոչված թուրանական միջանցքը, դա ադրբեջանաթուրքական դաշինքի պատրանքային երազանքն է և այս իմաստով իրանական կողմի հայտարարությունները շատ հասցեական են: Եթե հռետորաբանության մակարդակում դիվանագիտական կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները չեն կարող շատ սուր հայտարարություններ անել հաշվի առնելով դիվանագիատական էթիկետի կանոնները, ապա խորհրդարանականները կարող են բավական սուր հայտարարություններով հանդես գալ: Սա ցուցիչ է այն բանի, թե ինչպես Իրանի խորհրդարանականները կարող են նման կոշտ դիրքորոշումներով հանդես գալ՝ ուղղակիորեն հասցնելով իրանական պետական դիրքորոշումները Հայաստանի և Իրանի համար բացահայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած Բաքվի բռնապետական վարչախմբին և նրա օպերատորին՝ էրդողանական վարչախմբին»:

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին և դրա կարգավորման հարցում Իրանի դերին՝ Ոսկանյանը նշեց, որ մենք գործ ունենք ագրեսոր պետության հետ. «Գոյություն ունի ադրբեջանաթուրքական դաշինքի թշնամական ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ, հետևաբար մենք գործ ունենք մեր տարածաշրջանում ագրեսոր պետության հետ, որը միանշանակորեն պետք է պատժվի նախևառաջ Հայաստանի Հանրապետության ուժերով, դա մեր պարտքն է և մեր արժանապատվության խնդիրն է: Ինչ վերաբերում է տարածաշրջանում առկա հնարավորություններին, ապա ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապահովում է Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևորագույն բաղադրիչ, և դա անում է ոչ միայն  խոսքային մակարդակում հայտարարություններով, այլև կոնկրետ գործողություններով: Ակնհայտ է, որ իրանական զորաշարժերը Ադրբեջանի սահմանի երկայնքով Հայաստանի սահմանի մոտակայքում և Նախիջևանի սահմանի երկայնքով ունեն լուծելու մի խնդիր՝ զսպելու թուրքական հնարավոր ներխուժումը, այս վտանգն իրանցիները զգում են և այդ իմաստով պատրաստ են ցանկացած սցենարի: Մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է անպայմանորեն մատնանշեմ այն է, որ նույնիսկ վերջին այս երկօրյա ագրեսիայի ժամանակահատվածում իրանցիներն օգտագործել են նաև փակ խողովակները Բաքվի բռնապետի վրա շատ կոպիտ ճնշում գործադրելու համար, որպեսզի ագրեսիան դադարեցվի»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը և հավելեց, որ Ադրբեջանի գլխավոր նպատակն ուժով իրենց երազած թուրանական «միջանցքը» ստանալն է:

 

Աննա Բզնունի

20 Սեպտեմբեր, 2022 15:02
Վեր