Նման ֆորմատով հանդիպումները կարող են զսպող գործոն հանդիսանալ ռազմական հետագա լուծումները բացառելու համար և նպաստել լարվածության թուլացմանը. քաղաքագետները՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման մասին

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ անցկացված հանդիպման գլխավոր ուղերձն այն էր, որ ամերիկյան կողմն, ըստ էության, հաստատում է իր վճռականությունը հրադադարի պահպանման և հետագա էսկալացիաները կանխելու հարցում։ Կարևոր էր նաև Բլինքենի կողմից արված շեշտադրումը, որ պետք է զորքերը հետ քաշվեն, որն ուղիղ պահանջ է ադրբեջանական կողմին, քանի որ հենց նրանք են առաջացել ՀՀ ինքնիշխան տարածքներում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը:

Ըստ նրա՝ հանդիպումից գլխավոր ակնկալիքն այս պահին այն է, որ ադրբեջանական զորքերը մեր տարածքներից պետք է  հետ քաշվեն և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին պետք է վերադարձնեն. «Ահա այս խնդիրներնի լուծումն է հենց ամենակարևորը, մնացածն արդեն պետք է թողնել հետագա բանակցությունների քննարկմանը։ Այս հարցում կարևոր է Ադրբեջանի վրա տարբեր կողմերից ճնշումների գործադրումը, ուստի պետք է կիրառել բոլոր հնարավոր գործիքները դրան հասնելու համար»։

Մովսես Հարությունյանը նշեց, որ այժմ դեռ վաղ է խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից. «Այս իրավիճակում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար գնում է բանակցությունները տապալելու և ռազմական լուծման ճանապարհով՝ վաղ ու անիրատեսական է խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։ Այս պահին կարևորը ռազմական հետագա լուծումները բացառելն է, և նման ֆորմատով հանդիպումները կարող են զսպող գործոն հանդիսանալ այս տեսանկլյունից»։ 

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը դրական է գնահատում այս հանդիպումը. «Այս լարված դրության պայմաններում ցանկացած նման հանդիպում հնարավորություն է տալիս լիցաքաթափել այս իրավիճակը, ընդհանրապես ամենավատ բանակցությունն ամենալավ պատերազմից ավելի նախընտրելի է: Այո, շատ կարևոր է այս պահին թույլ չտալ, որ լարվածության և էսկալացիայի աճ լինի, դրա համար ամենալավ միջոցը բանակցություններն են»:

Խոսելով ՀՀ արտգործնախարարի արած հայտարարությունների մասին՝ քաղաքագետն ասաց. «Արարատ Միրզոյանի արած շեշտադրումները շատ կարևոր են, որովհետև, այո Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և դուրս պետք է գա այնտեղից, Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական գործողությունների, ագրեսայի միջոցով խնդիրները լուծելու ճանապարհից և պետք է հետ վերադարձնի մեր ռազմագերիներին: Այս ամենին հասնելու համար մենք պետք է ապահովենք միջազգային խոշոր ճնշում Ադրբեջանի վրա, պետք է աշխատենք գերտերությունների հետ, ես վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում արդյունքներ կտեսնենք: Եթե ԱՄՆ-ն ապահովի լուրջ ճնշում Ադրբեջանի վրա, ապա վստահ եմ, որ ադրբեջանական կողմը տեղի կտա»:

Վարդանյանը կարծում է, որ նման մակարդակի հանդիպումները կարող են նպաստել սահմանային լարվածության թուլացմանը: Իսկ ինչ վերաբերում է ամսվա վերջին քննարկվող Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, ապա քաղաքագետն այն հնարավոր է համարում և դրա իրականացումը դրական է գնահատում:

 

Աննա Բզնունի

20 Սեպտեմբեր, 2022 15:11
Վեր