Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքները կսկսվեն մինչև տարեվերջ. ՎԶԵԲ նախագահի հարցազրույցը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շինարարական աշխատանքները նախատեսվում է, որ սկսել մինչև տարեվերջ. Աշխատանքները կավարտվեն 3 տարվա ընթացքում: Բանկի աջակցությամբ ձեռք բերվող նոր ավտոբուսները Երևանում կլինեն արդեն 2023-ի առաջին կիսամյակում։ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում կատարված ներդրումների, խոշոր ծրագրերի մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:

Տիկին Օդիլ ՌենոԲասո, նախ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը: Համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, Հայաստանում ո՞ր ոլորտներում եք անելիք տեսնում այժմ, և ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում: Մինչև այժմ բանկի աջակցությամբ Հայաստանում քանի ծրագիր է իրականացրել և ի՞նչ արժեքով:

-Այս տարի մենք նշում ենք մեր գործունեության 30-ամյակը Հայաստանում, որտեղ 1992թ-ից` մեր ներկայացուցչության բացումից ի վեր, հասել ենք շատ բանի։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը 201 ծրագրում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո, այդ ներդրումների 91 տոկոսը մասնավոր հատվածում է: Հայաստանում մենք կենտրոնացած ենք ֆինանսական հատվածի զարգացմանն աջակցելու, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և բիզնես միջավայրը բարելավելու քաղաքականության աջակցության վրա՝ ավելի լավ կորպորատիվ կառավարման և պետություն-մասնավոր հատվածի ավելի ակտիվ երկխոսության միջոցով, որին աջակցում է Հայաստանի ներդրումային խորհուրդը: Մենք նաև աջակցում ենք արդյունաբերական ընկերությունների զարգացմանը և ներդրումներ ենք կատարում կայուն էներգետիկայի նախագծերում: ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամում (Amber Capital) մեր ներդրումների միջոցով ակտիվորեն խթանում ենք մասնավոր բաժնետիրական բիզնեսների մեկնարկը: Մենք հետագայում նպատակ ունենք նաև ընդլայնել մեր ավանդական փոքր ու միջին ձեռնարկությունների և միկրոֆինանսավորման ուղղությունները դեպի գյուղական վայրեր: Մենք նաև հանձնառու ենք տեղական գումարի և կապիտալի շուկաների զարգացմանը: Հնարավորության դեպքում մենք նպատակ ունենք տեղական արժույթով ֆինանսավորում անել:

Երևան կատարած իմ այցի ընթացքում մենք վարկերի պայմանագրեր ստորագրեցինք մեր գործընկեր բանկերի հետ՝ ՓՄՁ-ների մրցունակության խթանման ծրագրով` փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար։ Մենք պատրաստվում ենք նաև վարկ տրամադրել կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Իմ այցից առաջ Բանկը «Տելեկոմ Արմենիա»-ին վարկ է տրամադրել՝ էներգաարդյունավետ ներդրումների համար, որոնք կբարելավեն արագ և հուսալի ինտերնետի հասանելիությունը 450 000 տնային տնտեսությունների համար: Բանկը վարկ է տրամադրում նաև Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի համար ավելի «կանաչ», ավելի արդյունավետ և ժամանակակից ավտոբուսներ ձեռք բերելու համար։

-Վերջերս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Բագրատաշենում բացվեց նոր կամուրջհայտնի է դարձել նաև Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի մասին, ի՞նչ կասեք այս առնչությամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագրերի իրականացումը, ընթացքը: Ենթակառուցվածքների ոլորտում բանկի աջակցությամբ ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում:

Բարեկամության կամրջի բացմանն ուրախ էի տեսնել Հայաստանի և Վրաստանի վարչապետներին: Խրախուսող է նաև, որ այս ծավալի ենթակառուցվածքային ծրագիրն ավարտվել է բյուջեի շրջանակներում և ի սկզբանե սահմանված ժամկետներում, ինչը հազվադեպ է պատահում ենթակառուցվածքների այսպիսի ծրագրերում: Հաշվի առնելով այս ձեռքբերումը՝ չնայած Covid-19-ին և պատերազմին, ես վստահ եմ, որ նման նախագծերի հաջող իրականացման համար Հայաստանում հզոր կարողություն կա:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը շատ կարևոր ծրագիր է Սյունիքի մարզում, որտեղ մենք ԵՄ-ի հետ միասին ֆինանսավորում ենք սահմանային անցակետի արդիականացումը: Որքան ես գիտեմ, Հայաստանի ՊԵԿ-ը ներկայումս ներկայացված հայտերի գնահատման փուլում է։ Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն մինչև տարեվերջ: Եվ ակնկալում ենք, որ դրանք կավարտվեն երեք տարվա ընթացքում։

-Բանկի վարկային միջոցներով Երևանի համար նոր ավտոբուսներ ձեռք կբերվեն, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել այս ծրագրից, ի՞նչ չափորոշիչներ է դրել բանկը, տեղյա՞կ եք արդյոք, թե երբ ավտոբուսները կլինեն Երևանում, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Մենք Երևանի ավտոբուսների ծրագիրը ստորագրել ենք 2021-ի նոյեմբերին ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 25 մլն եվրո է, որից 20 մլն եվրոն ՎԶԵԲ-ի վարկն է, իսկ 5 մլն եվրոն ստացվում է «Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության» դրամաշնորհից, որը ֆինանսավորվում է մի շարք դոնորների, հատկապես ԵՄ-ի կողմից: Ավտոբուսների գնման, մատակարարման պայմանագիրը ստորագրվել է, և հատկացվել է ՎԶԵԲ վարկի դրամաշնորհի առաջին մասնաբաժինը: Ծրագիրն ընթացքի մեջ է, և երևանցիներն այս նոր ավտոբուսները մայրաքաղաքի փողոցներում կտեսնեն 2023-ի առաջին կիսամյակում։

-Արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում  ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում բանկի աջակցությամբ, ինչպե՞ս եք գնահատում դրանց ընթացը և առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում:

-Մենք օգնում ենք լուծել արդյունաբերական ոլորտներում առկա մարտահրավերները՝ աջակցելով բիզնես միջավայրի բարելավմանը, ամրապնդելով կորպորատիվ կառավարումը և ֆինանսավորման հասանելիություն ապահովելով տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Մենք նաև աջակցում ենք գյուղատնտեսության ոլորտին: Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ զգալի ներդրում ունի: Ոլորտի արտադրողականության բարելավման ներուժ կա՝ կայուն տեխնոլոգիաների, գյուղատնտեսական ենթակառուցվածքների և գիտելիքների փոխանցման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ջրառի 80 տոկոսը, ինչը վկայում է ոլորտում ջրի արդյունավետության հնարավոր խնդիրը: Մենք օգնում ենք աստիճանաբար բարելավել այս հատվածի արտադրողականությունը՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար համապատասխան տեխնոլոգիաներում ներդրումների կայուն ֆինանսավորմամբ: Դա արվում է մեր տեղի գործընկեր բանկերի մասնաճյուղերի միջոցով ամբողջ երկրում:

Վերականգնվող էներգիան մեր ռազմավարության հիմքն է Հայաստանի համար: 2019 թվականից ի վեր մենք աջակցում ենք մինչև 105 ՄՎտ արևային հզորության կայանների տեղադրմանը և պարտավորվել ենք ֆինանսավորել առաջին կոմունալ մասշտաբի արևային կայանը։

Կառավարության էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է մինչև 1000 ՄՎտ արևային էներգիայի զարգացում մինչև 2030 թվականը և մինչև 500 ՄՎտ հողմային հզորության զարգացում մինչև 2040 թվականը: Վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարությունը նաև բարելավել է պետություն-մասնավոր գործընկերության օրենքը:

Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել այս նախաձեռնություններին, որոնք, անշուշտ, կբարձրացնեն երկրի էներգետիկ անկախությունը և կնպաստեն մասնավոր հատվածի աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

-ՎԶԵԲ-ը Հայաստանում կենտրոնացած է նաև բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, նախ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բիզնես միջավայրը և ի՞նչ ծրագրեր են իրականացվում՝ նոր հնարավորություններ ստեղծելու հայ գործարարների համար:

-Հայաստանն առաջին երկրներից էր, որտեղ ՎԶԵԲ-ը 2007-ին ստեղծեց ներդրումային խորհուրդ: Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» օգնությամբ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավմանը՝ Ներդրումային խորհրդի միջոցով: Այս առումով մեր ծրագրերից է ՓՄՁ զարգացման խորհուրդը, որը ղեկավարվում է փոխվարչապետի կողմից և ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված քաղաքականություն երկխոսության կամրջող հարթակ: Միաժամանակ, Ներդրումային խորհրդի աշխատակազմը փորձագիտական տնտեսական և իրավական ներդրում է կատարում օրենսդրական փոփոխությունների համար: Մինչ այժմ խորհուրդը նպաստել է 25 բարեփոխումների, որոնք ընդունվել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

Կառավարության մեր գործընկերները միշտ շատ համագործակցող են եղել և աջակցել են ներդրումային խորհրդի աշխատանքին: Մեր ստացած դրական արձագանքները մեզ վստահություն են տալիս, որ մենք այս արդյունավետ համագործակցության միջոցով էլ ավելի կբարելավենք բիզնես միջավայրը:

20 Սեպտեմբեր, 2022 16:58
Վեր