Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին, ՀՀ անկախության տոնի առթիվ․

Հարգելի տիկին Գրիգորյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։

Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։

Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։

21 Սեպտեմբեր, 2022 13:21
Վեր