Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին, սեպտեմբերի 21-ին մայր բուհում մասնակցել է առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությանը:

Պետական նախարարն իր խոսքում շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տոնի առթիվ՝ խորհրդանշական ու պարտավորեցնող համարելով, որ առաջին կուրսեցիները ուսանողական երդումը ավանդաբար տալիս են հենց սեպտեմբերի 21-ին, զոհված ազատամարտիկ-ուսանողների հուշակոթողի մոտ:

«Այն արժեքահեն կրթությունը, որը պետք է ստանաք Արցախի պետական համալսարանում, պետք է ծառայեցնել հօգուտ մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման՝ հանուն մեր անկախության ու այլ արժեքների: Ուրախ եմ, որ մայր բուհը շարունակում է անկախության, ազատության ու արժեքների կրման ու տարածման ավանդույթները և տարեց տարի բարելավում է կրթության պայմանները: Արցախի Հանրապետության իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայելու ձեզ համար անհրաժեշտ կրթական միջավայր ապահովելու հարցում»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

21 Սեպտեմբեր, 2022 21:10
Վեր