Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 խոշորացված համայնքներում նախատեսված է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սպասվող ընտրություններին իր թեկնածուներին է առաջադրել խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Մեր այն հարցին, թե արդյոք ընտրությունները չեն հետաձգվի և կանցկացվեն սեպտեմբերի 25-ին, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահի դրությամբ այդ մասին խոսք չկա, այսինքն՝ ընտրությունների օրը չի փոխվի:
Մինչ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների սկսվելը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներն իրականացրել են քարոզարշավ.
«Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ՔՊ-ի թեկնածուները դադարեցրել են քարոզարշավը: Օրինակ՝ Թալինի համայնքապետի թեկնածուն՝ Տավրոս Սաֆեյանը, հենց պատերազմը սկսվելու օրերին գնաց ռազմաճակատ, իսկ այդ ընթացքում իր մրցակիցները գնացին Բաղրամյան պողոտա և զբաղված էին ինչ-որ հակապետական գործողություններով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ ասաց Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ թեկնածուների համար կարևորը պետությանն օգուտ տալն է. «Մեր թեկնածուները քարոզչություն անելու ժամանակ չեն ունեցել, նրանց համար կարևորը պետությունն է, ոչ թե կընտրվեն, թե՝ ոչ»:
Աննա Բզնունի