Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող 33 տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ

«Առաջարկում ենք Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացնել մի շարք հողամասերի գերակա շահ ճանաչելու գործընթաց։ Այս հատվածում ունենք հյուսիս-հարավ ճանապարհին մոտեցող մուտքերի որոշակի կարգավորումների  և  այդ հատվածներում  կա հողերը գերակա շահ ճանաչելու կարիք։ Երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը»,- կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային  երրորդ ծրագրի  շրջանակներում  Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին առաջարկը։ 

Կառավարության այսօրվա նիստ վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց․ «Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական աշխատանքը ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, որի արդյունքում ունենալու ենք ճանապարհային նոր հոսք ՝ թե ներքին, թե միջազգային։ Այն նաև ուղիղ կերպով ազդելու է մարզային, համայնքային, սոցիալ- տնտեսական  համաչափ և կայուն զարգացման վրա»։

Սանոսյանը ներկայացրեց Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները․ «Երևանից դեպի Աշտարակ հատվածը կառուցված է, իսկ Աշտարակից դեպի Թալին  հատվածը երկու կտորից է բաղկացած ՝ 8 կամ և 34 կմ-անոց հատվածներով։ 8 կմ հատվածի համար արդեն կա հաղթող ընկերություն, մոտ օրերս կսկսվեն աշխատանքները։ 34 կմ-անոց հատվածը դժվարանցանելի է,  հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի, այստեղ նույնպես մրցութային գործընթաց ունենք։ Թալին- Լանջիկ հատվածը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքներն  ավարտվել են։ Լանջիկ-Գյումրի մինչև Հոռոմի խաչմերուկ  հատվածում աշխատանքներն ավարտված են։  Գյումրի- Բավրա ճանապարհահատվածի նախագծերը կան, բայց ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք»,- նշեց Սանոսյանը; 

Խոսելով ճանապարհի հարավային հատվածից՝ նա  նշեց․« Արտաշատ-Սիսիան հատվածի համար նախագիծ չունենք, դեռ քննարկումների մեջ ենք, Սիսիան- Քաջարան մրցույթի առաջին փուլի ամփոփման փուլում ենք, Քաջարանի թունելի մասով բանակցություններ կան՝ ֆինանսական  աղբյուրների հետ կապված , Քաջարան-Մեղրի հատվածի համար առաջիկայում մրցույթ կհայտարարենք» ։ 

22 Սեպտեմբեր, 2022 11:29
Վեր