Սոթքում էլեկտրաէներգիան 98%-ով վերականգնված է, խանութներն արդեն գործում են, բնակիչների մի փոքր մասն էլ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքով․ ի՞նչ իրավիճակ է այժմ Սոթքում

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրն ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետևանքով ամենաշատն է վնաս կրել։ Պարզելու համար,  թե այժմ ինչ իրավիճակ է գյուղում և արդյո՞ք վերականգնվել են բնակիչների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, Zarkerak.am-ը կապ հաստատեց  բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ։

« Այս պահին գյուղում հանգիստ է, գյուղացիները որոշ չափով գյուղատնտեսական աշխատանքները կատարում են, բայց ոչ բոլորը, փոքր մասը»,- Խաչատրյանի խոսքով՝ ի  տարբերություն անցած օրերի գյուղում արդեն  շարժ կա։

«Ինձ թվում է գյուղը օր օրի վերականգնվելու է» ,- մեզ հետ զրույցում հույս է հայտնում Սևակ Խաչատրյանը։  

Խոսելով հասցված վնասների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ բարեբախտաբար,  ագրեսիայի հետևանքով խմելու ջրի հետ կապված ի սկզբանե խնդիրներ չեն եղել։ Սակայն,սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Սոթքում ընդհատվել էլ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ըստ Սևակ Խաչատրյանի՝ խնդիրը գրեթե լուծված է․ «Լույսն ամբողջությամբ՝ գրեթե 98 տոկսով  այս պահին վերականգնված է՝ կախված թաղամասերից։ Արդեն 3 օր է՝ սկսել ենք վերականգնման աշխատանքները։ Ինձ թվում է այսօր մինչև օրվա վերջ  կավարտենք»։

Սոթքի բնակիչներն այս օրերին նաև գազամատակարարումից էին զրկվել, քանի որ վնասվել  էր գազատարը․ «Սոթքի ոչ բոլոր տներն են գազաֆիկացված, որտեղ եղել է գազաֆիկացում  և առաջացել է խնդիր` այդ մասերի վրա  հիմա աշխատանքեր ենք կատարում»,- նշում է Խաչատրյանը։

 Գյուղում վերջին 3 օրերին  նաև խանութներն են գործում, որոնք 2-3 օր փակ էին։

Օրեր առաջ  ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում կրթական գործընթացների ընդհատմանը՝ նշել էր․ «Գեղարքունիքի մարզում 2 դպրոցի շենք է վնասվել։ Վնասի չափը դեռ ճշգրտվում է, առաջիկա օրերին կկարողանանք վերականգնման աշխատանքները իրականացնել։

Դրանցից մեկն էլ Սոթքի միջնակարգ դպրոցն է, հենց այս պատճառով էլ գյուղում, ինչպես հայտնում է  վարչական ղեկավարը, դասերը դեռ հեռավար են ընթանում։

Գյուղում վնասվել էր ոչ միայն դպրոցի շենքը, այլ նաև համայնքապետարանի վարչական շենքը և գյուղացիների տները․ «Վնասերի չափը ճշտվում է, մարդկանց վնասները հատիկ առ հատիկ արձանագրվում են, սպասում ենք վերջնական արդյունքներին»,- ասաց Սևակ Խաչատրյանը։։

Թե քանի վնասված շենք -շինության մասին է խոսքը՝ Խաչատրյանը հստակ չնշեց՝ հորդորելով սպասել մինչև կավարտվեն վնասի ճշտման գործընթացները։

22 Սեպտեմբեր, 2022 13:56
Վեր