Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ

Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել Է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Իրանի զինված ուժերի զորահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

«Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զինավարժանքները տեղի կունենան այս տարվա աշնանը Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հյուսիսային մասում,- հայտնել Է Բաղերին, որի խոսքը մեջբերում Է «Մեհր» գործակալությունը:- Պակիստանը, Օմանը եւ մի շարք այլ երկրներ, հավանաբար, նույնպես կմասնակցեն այդ միջոցառումներին»:

Վերջին անգամ երեք երկրների զինված ուժերը համատեղ զինավարժանքներում հանդիպել են «Արեւելք-2022» -ի շրջանակներում, որոնք ՌԴ-ն անցկացրել Է սեպտեմբերի 1-ից մինչեւ 7-ը: Դրանց մասնակցել են զինծառայողներ Չինաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ալժիրից եւ այլ պետություններից:

Զինավարժանքների ակտիվ փուլին հետեւել են այլ երկրների թվում բարձր մակարդակի պատվիրակություններ Հայաստանից, Բանգլադեշից, Բելառուսից, Վենեսուելայից, Իրանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Պակիստանից: Զինավարժանքների շրջանակներում մշակվել են պաշտպանական եւ հարձակողական գործողություններ Արեւելյան ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաեւ Օխոտի եւ Ճապոնական ծովերի ջրատարածքներում ու ափամերձ գոտիներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

22 Սեպտեմբեր, 2022 16:43
Վեր