Դուռը կողպած չէր. Մաշտոցի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

Սեպտեմբերի 19-ին 1-02 ծառայություն էր զանգել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ իրենց տնից գողություն է եղել: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե: Կինը մանրամասնել էր, որ ժամը 16.30-ի սահմաններում իր անչափահաս երեխան տուն մտնելուց դուռը չէր կողպել, նրա հետևից մեկը մտել էր բնակարան, հասել հյուրասենյակ և բազմոցի վրայից գողացել բջջային հեռախոս:

Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցներով ստացան տվյալ, որ բնակարանային գողությունը կարող է կատարած լինել Մեղրիի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Դեպքից երկու ժամ անց տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց գողոնը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Իրավապահների արագ արձագանքման շնորհիվ թարմ հետքերով բացահայտվեց բնակարանային գողությունը, իսկ դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելու դեպքեր քիչ չեն լինում: Ուստի մեկ անգամ էլ հիշեցնենք, որ տան դուռը կողպած պահելն անհյուրընկալության նշան չէ, այլ սովորական զգուշություն, որ կարող է հանցագործություն կանխել:

22 Սեպտեմբեր, 2022 19:45
Վեր