Բյուրականի աստղադիտարանը հայտարարություն է տարածել

Շուտով աստղագիտական աշնան սկիզբն է: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

«Սեպտեմբերի 23-ին ժամը 05։03-ին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ: Արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ:

Երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ այս դեպքում խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։ Նշենք նաև, որ իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Նշենք նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է»,-նշվում է հաղորդագրության մեջ:

22 Սեպտեմբեր, 2022 20:21
Վեր