Թուրքիան միջազգային իրավունքը խախտել է՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ

Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավոր նամակով դիմել են երկրի կառավարությանը՝ հորդորելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի կապակցությամբ:

Նրանք կոչ են արել երկրի կառավարությանը՝ հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումները՝ տեղեկացնում է ANF News-ը:

Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ԼՂ վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում: 

«Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն»,- նշել են խորհրդարանականները՝ հույս հայտնելով, որ իրենց կոչը կհասնի հասցեատերերին:

Վեր