Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական նկարագրի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ: Այս մասին նա հայտարարել է Հայաստանում "Ինտերֆաքսի" սեփական թղթակցին տված հարցազրույցում ։

 

Այն հարցին, թե որքանով է այժմ տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակվել է դեռեւս 1993 թվականին:

 

Նա նշել է, որ Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա Մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Վարչապետի խոսքով ՝ Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում։

 

Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ "Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական նկարագրի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը", - եզրափակել է Փաշինյանը:

Վեր