Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. ընդունելության նոր կարգը պարզաբանում են մասնագետները

Կառավարության ապրիլի 1-ի նիստում ընդունվեց բուհերի ընդունելության նոր կարգը, որտեղ երկու հիմնական փոփոխություն է արվել։ Առաջինն ընդունելության քննությունների հայտագրման եղանակն է. այն կլինի ամբողջությամբ առցանց եւ հայտագրման փուլերով՝ հիմնական եւ երկրորդ։ 

Հայտագրման հիմնական փուլում սովորողն ընտրելու է մեկ բուհ եւ մեկ մասնագիտություն, այսինքն՝ դիմորդը պետք է լինի հստակ կողմնորոշված մասնագիտության ընտրության հարցում։ Հայտը լրացվում է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորելու համար։ 

Հայտագրման առաջին փուլի ամփոփովելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, անցկացվում է երկրորդ փուլ։ Այս անգամ հայտի մեջ դիմորդը կարող է նշել վեց մասնագիտություն, որոնք պահանջում է իր հանձնած քննությունների փաթեթը: Երկրորդ փուլով մրցույթում հաղթում է բարձր բալ ստացած դիմորդը։

«Փոփոխության հիմնական շեշտը դնում ենք մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունները, երբ դիմորդները հիմնականում ընդունվում էին առաջին հայտով հայտագրված մասնագիտությամբ։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդին արդեն կողնորոշված ընդունվել բուհ, որը կնպաստի նրա՝ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը, այնուհետեւ ուղղված կլինի որակյալ մասնագետ դառնալուն»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ դպրոցներում ևս ընդունելության կարգի վերաբերյալ քննարկումներ են իրականացվում, որ աշակերտը կարողանա կողմորոշվել մասնագիտության հարցում՝ «չխանգարելով» մյուս դիմորդներին։ 

Բուհերի ընդունելության նոր կարգի մեջ նշված է, որ ուսանողների հայտագրման գործընթացը պետք է սկսվի ապրիլի 15-ից եւ ավարտի մայիսի 10-ին, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ փուլում լինելու են նաեւ անվճար տեղեր։

Հայտագրման նախապատրաստական գործընթացը ԿԳՄՍՆ-ում արդեն սկսվել է։ Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ հանդիպումներ են ունենում մարզերի բոլոր դպրոցների տնօրենների հետ՝ ներկայացնելու հայտագրման կարգը, ձեւը։ Ապրիլի 15-ից հետո դիմորդը կարող է դիմել իր դպրոցի տնօրենին, տնօրենը պիտի գրանցի նրան, ինչպես նաեւ գրանցի միասնական քննությունները, որոնք պետք է հանձնի տվյալ դիմորդը, այնուհետեւ դպրոցում դիմորդը կստանա ԳԹԿ-ի անձնական համարը, որից հետո շրջանավարտը ինքը կորոշի՝ անձամբ է ներկայացնելու հայտը ԳԹԿ, թե՞ դպրոցի օժանդակությունն է խնդրելու։  

Կարո Նասիբյանի խոսքով՝ նախորդ տարիներին, երբ մի դիմորդ կարող էր միանգամից մի քանի մասնագիտություն ընտրել, ապա եթե չընդունվեր առաջին հայտով, երկրորդ հայտից իր ստացած միավորներով հանում էր այն դիմորդին, որը հենց այդ մասնագիտությունն էր նշել իր առաջին հայտով։ 

Հիշեցնենք, որ «Բարձրագույն գիտության եւ կրթության մասին օրենքում» բուհերի ընդունելության նոր կարգ է սահմանվում, որը կգործի 2023 թվականից, ընդունելության մրցույթը կանցկացնի բուհը։ Պարտադիր կդառնա «Հայոց լեզու եւ գրականության» առարկայի քննությունը։

Վեր