Հայ-ռուսական համատեղ զորախմբի հետագա զարգացումը պիտի դառնա մեր անվտանգային համակարգի կարևորագույն առանցքներից մեկը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած այցից տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:

«Լավ ապագայի համար մեզ առաջինը պետք է անվտանգություն: Ո՞նց ենք մենք ապահովելու մեր երկրի արտաքին անվտանգությունը: Երեք միջոց կա: Առաջինը՝ մենք լայնածավալ բարեփոխումներ ենք անցկացնելու մեր զինված ուժերում, բայց մյուս կողմից՝ մենք ոչ թե խորացնելու ենք մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ, որովհետև մենք առանց այն էլ շատ խոր համագործակցում ենք, մենք, ավելի ճիշտ, նոր բովանդակություն ենք հաղորդելու:

Գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական համատեղ զորախումբ և այդ զորախմբի հետագա զարգացումը պիտի դառնա մեր անվտանգային համակարգի կարևորագույն առանցքներից մեկը: Մենք պետք է մտածենք ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին:

Սա արդեն հասունացած հարց է, բայց պրոֆեսիոնալ բանակը պայմանագրայինը չէ: Մեր մեծագույն խնդիրներից մեկը ո՞րն էր, որ մեր պայմանագրայինները 14 օր ծառայության մեջ են, 14 օր զբաղվում են այլ գործերով: Պրոֆեսիոնալ բանակն այն է, որ մենք կարողանանք այդ մարդկանց այնքան վճարենք, որ իրենք ամբողջ ամիսն անցկացնեն ծառայության մեջ, ծառայությունից դուրս գնան, ոչ թե հողագործությամբ զբաղվեն, այլ մարտական հերթապահությունից դուրս գնան, զբաղվեն մարտական գործով՝ այսինքն՝ պարապեն, որպես զինվոր, դառնան պրոֆեսիոնալ զինվոր»,- ասում է վարչապետը տեսանյութում:

Երրորդ կոմպոնենտը, ըստ վարչապետի, այն է, որ պետք է պատրաստվենք և տարածաշրջանը պատրաստենք անընդհատ, երկարատև և կայուն խաղաղության: 

Վեր