Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից

 

 

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վաղվանից՝ ապրիլի 13-ից արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում: Հիմա բաշխման գործընթացն է իրականացվում»,-ասաց Ավանեսյանը:

Ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը:

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 54 տարեկան:

Վեր