Այս ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման և պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին. Փաշինյան

Կարծում եմ, որ մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի մենք բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Ձեր նշած անձը, խոսելով ԼՂ ապագա կարգավիճակի ճշգրտման մասին, օգտագործեց «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացությունը: Երբ անցնեն տարիներ, և բացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որ ինքը մտահոգություն ունի ենթադրվող հանրաքվեի մասով: Իմանում ենք նաև, որ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիներ:

Հարց՝ ԼՂ բնակիչ լինելու համար պե՞տք է բնակվեին Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիները որտե՞ղ պետք է բնակվեին: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էին Շուշիի մասին, ասում էին՝ չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում: Հարց՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի ազգության բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե բանակցողը փոխվեր՝ բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխեր: Նա ասաց՝ կանցնեն տարիներ, կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և կպարզվի, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը: 

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձություններից: Հետո եկել է 2016 թվականի գարունը, և եղել է ապրիլի 2. այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ: Դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018 թվականին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, որ ուզում են Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ասաց՝ հարց՝ իսկ արդյոք դա Ադրբեջանն ուզո՞ւմ էր:

«Ինքը՝ մերժվածը, 2017 թվականին իր տված հարցազրույցում ասում է, որ ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակում: Մադրիդյան սկզբունքներում երկու խնդիր կա՝ հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ: Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից՝ նշանակում է հրաժարվել հանրաքվեից և միջանկյալ կարգավիճակից: Իսկ 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը կարո՞ղ է պարզվի, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը և Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի են ունենում ուրիշ պրոցեսներ: 5+2-ի մասին՝ այդպիսի հնարավորություն երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016 թվականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին: 5+2-ը բանակցային «պաշարն» է, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, տարբեր փուլերում կողմերի համար գործարքը դառնա ավել կամ պակաս գրավիչ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հայկական կողմն ասել է, որ 7 շրջանները հանձնում է, Ադրբեջանն ասել է՝ ոչ: Հայկական կողմն ասել է, որ ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաև ադրբեջանցիներ: Ադրբեջանն էլի է ասել՝ ո՛չ. Ադրբեջանն ամեն ինչին ասել է՝ ո՛չ:

«Բանակցությունների մասին այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին ձեր նշած անձն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում: Ավելի ճիշտ՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Երկրորդ արձանագրումն էլ, որ արել է այս ամբիոնից, հետևյալն է, որ այլևս, գոնե շատ տևական ժամանակ, մենք չպետք է հույսեր փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կթողնի իր ուխտադրուժ դիրքորոշումը Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման և պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին: 2018 թվականի ապրիլի 17-ի վիդեոները կան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ «պատերազմ կանխող էիք՝ կանխեիք»:

Վեր