«Նռնակով իրան տրաքացրել ա, ու շուրջը մի 20 ադրբեջանցի մահացել են»․ ԱԱԾ մայորի կինն ասում է՝ «ինքը չէր ուզի՝ տխրեմ, պիտի պայքարեմ»

35-ամյա ԱԱԾ մայոր Արման Հարությունյանը պատերազմի ժամանակ, հայտնվելով հակառակորդի շրջափակման մեջ, որոշել է ինքն իրեն նռնակով պայթեցնել, որպեսզի գերի չընկնի և իր կյանքի գնով վնասի հակառակորդին: Նռնակի պայթյունից մահացել են թե մայոր Հարությունյանը և թե թշնամու մոտ քսան զինվոր: 

«Ասել ա՝ ես մեռնեմ, իմանամ՝ իրանց էլ եմ վնաս տվել, վերջին բառերը դա ա եղել»,- այս մասին Արման Հարությունյանի կնոջը՝ Անուշ Հարությունյանին, պատմել է զինակից ընկերներից մեկը։ 

Արման Հարությունյանը Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ պայքար է մղել Մարտունիում, Հադրութում, Ջաբրայիլում։

Ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 14-ին և կնոջն ասել, որ երեխաներին լավ նայի, ամեն ինչ լավ է լինելու․ «Ինձ միշտ հույս էր տալիս՝ լավ ա լինելու, լավ կացեք»,- հիշում է կինը։

Այդ զրույցից հետո, սակայն, Անուշն այլևս ամուսնու հետ կապ հաստատել չի կարողացել։ Հոկտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Ղարղաբազա կոչվող տեղանքում տեղի է ունեցել դեպքը։

Ամուսնու զինակից ընկերներից մեկը պատմել է, թե ինչպես են հայտնվել հակառակորդի շրջափակման մեջ, ինչ հանգամանքներում է զոհվել ԱԱԾ մայորը։

«Ամսի 15-ի երեկոյան ԱԱԾ-ի սաղ զինակիցները մահացել են, մնացել են 6 հոգի՝ ինքը և հինգ կամավոր։ Այդ օրը աղոթել են խրամատում, դուրս եկել, ամբողջ գիշեր ճանապարհ են եկել, լուսադեմին դեպքն ա եղել։

Ինքն ու այդ տղան բարձրացել են սարը, որ զանգեն, կապ հաստատեն, իսկ մնացածը վիրավոր են եղել, ներքևում սպասելիս են եղել: Որ բարձրացել են սարը, էնտեղ արդեն ադրբեջանցիներ, տերորիստներ են եղել՝ 50 հոգի, սիրացիք են եղել՝ սև շորերով: Արմանը ում հետ որ սարը բարձրանալիս ա եղել, տեսել ա, որ շրջափակման մեջ են, էդ տղային ասել ա՝ իջի ու մյուսներին ասա՝ էստեղ սենց բան ա կատարվում, ասել ա՝ ես մնում եմ ստեղ, հետո ինքը նռնակով իրան տրաքացրել ա ու կողքերը ադրբեջանցիներից մի 20 հոգի մահացել են»,- պատմում է կինը։

Անուշն ասում է, որ ամուսնու զոհվելու մասին լուրը անակնկալ է եղել, քանի որ մտածել են և հույս ունեցել, որ գերի ընկած կլինի: 

«Իրենց խմբից կային, որ գերի էին ընկել։ Որոշ ժամանակ լուր չունեինք, հետո փետրվարի 7-ին բերեցին մարմինը, ճանաչեցինք, փետրվարի 13-ին ԴՆԹ պատասխանը եկավ։ Էդ տղան, որ իր հետ սարն էր բարձրացել, ինքն է տարել, տեղը ցույց տվել, գնացել են տեսել են՝ սաղ վնասված, մարմինը չկա»։

Անուշն ամուսնու մասին խոսում է կարոտով ու ցավով, որ այլևս տան հենարանը չկա։

«Շատ լավ ընտանիք էինք, ինքը շատ բարի էր։ Շատ ընտիր էր որպես հայր, երեխաներին նվիրված, եթե ժամանակ ուներ, ուրեմն երեխաների հետ էր, ընտանիքի հետ էր։

Էնքան լավ օրեր ենք ունեցել, ես ամեն ինչ հիշում եմ, ամեն վայրկյանը։

Երբ առավոտ արթնանում էինք, արև էր լինում, ասում էր՝ ուրեմն միասին մի տեղ ենք գնում, իսկ հիմա որ արև ա լինում, զանավեսկան էնպես եմ շպրտում, չեմ էլ ուզում տեսնեմ։

Վերջերս երազումս տեսել էի, որ ինքը դռան մոտ կանգնած էր, ասում էր՝ ես ձեզ հետ եմ, կապ չունի, որ ֆիզիկապես էդտեղ չեմ, հոգեպես ձեզ հետ եմ»,- հուզվում է կինը։ 

Անուշ Հարությունյանը ամուսնու՝ Արման Հարությունյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Անուշն ասում է, որ ցավը մեծ է, հաղթահարել վիշտը՝ առավել ևս, բայց հանուն երեխաների և ամուսնու փորձում է ուժ գտնել:

«Շատ դժվար ա, տնից դուրս չեմ գալիս, ամբողջ ժամանակը երեխեքի հետ եմ անցկացնում։

Ինձ առաջինը ուժ է տալիս, որ ինքը վերևից նայելիս կտեսնի, ինքը չէր ուզի, որ ես տխրեմ, դրա համար պիտի պայքարեմ, ուժ արթնացնեմ մեջս՝ հանուն երեխաների ու հանուն մեր երազանքների։

Իսկ երազանքներ շատ ունեինք, ասում էինք՝ ամուսնացնենք երեխաներին, թոռներ տեսնենք: Միշտ ասում էր՝ դու աշխույժ ես, միշտ հավաքած ես պահելու մեր երեխաներին, թոռներին, ամեն օր կհրավիրես մեր տուն, ինքն էլ լավ խորոված էր անում, ասում էր՝ ես էլ պատկերացնում եմ, որ գան, ես էլ էստեղ կպատրաստեմ»,- պատմում է Անուշը։

Արփինե Արզումանյան

Վեր