Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդրվի սկսած 2023 թվականից և ավարտվելու է 2025-ին: Այսինքն դա նշանակում է, որ 2025 թվականից ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, լինի՝ կանաչի վաճառող, թե՝ վարձու աշխատող կամ գործարար, բոլորը պետք է իրենց եկամուտները պարտադիր հայտարարագրեն։
Բնականաբար, այս համակարգն ունի դրական կողմեր թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար։ Սակայն այստեղ առաջանում են նաև բազմաթիվ տրամաբանական հարցեր և կասկածներ։
Իսկ ինչո՞ւ է նորից արտոնյալ վիճակում հայտնվում եկեղեցին։ Հայտնի է, որ եկեղեցին գրեթե բոլոր հարկատեսակներից ազատված է և այս առումով գտնվում է արտոնյալ վիճակում։ Այս արտոնությունը հարկային անհավասարություն է առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ինչո՞ւ պետք է ասենք կանաչի վաճառող քաղաքացին, կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարը հայտարարագրի իր եկամուտները, իսկ մոմավաճառությամբ զբաղվող եկեղեցին՝ ոչ։ Որն է տարբերությունը։
Ինչո՞ւ պետք է կանաչի, կամ լոլիկ վաճառողը, որը հարկ է վճարում պետությանը, թիրախավորվի և քննադատվի թանկացումների համար, պատասխանատվության ենթարկվի հարկերը չվճարելու, կամ եկամուտը չհայտարարագրելու համար, իսկ եկեղեցին՝ ոչ։ Դժվար է հաշվել եկեղեցիներում տարեկան քանի մոմ է վաճառվում: Մայր Աթոռը ոչ հրապարակային հաշվետվություններ է ներկայացնում, ոչ էլ կտրոն է տալիս վաճառած մոմերի համար ու հարկ վճարում:
Միասնության ու հավասարության կոչեր անող եկեղեցու համար հավասարության սկզբունքը վերանում է, երբ խոսքը գնում է քաղաքականության մեջ դիմադիր ու ընդդիմադիր լինելու մասին, երբ գործը հասնում է հարկային պարտավորություններին։
Եվ, ընդհանրապես, թերևս ժամանակն է, որ հանրությունն իմանա՝ եկեղեցին պարտավարություններ ո՞ւնի պետության հանդեպ, թե ոչ։ Այս հարցը պետք է հստակեցվի, այլապես ստացվում է, որ պետությունը բոլորինն է, իսկ եկեղեցին՝ ոչ։ Եկեղեցին վաղուց դարձել է պետություն՝ պետության մեջ, որը երբեմն իրեն թույլ է տալիս խառնվել պետական գործերին ու հարցերին, իսկ երբ հարցը հասնում է եկեղեցու գործերին խառնվելուն՝ երկաթյա վարագույրն իջնում է՝ պատճառաբանելով, որ սրբերին աշխարհիկ հարցերով պետք չէ անհանգստացնել։