«Շատ խոսվեց, թե ինչու ժամանակ չկա առավել մանրամասն քննարկելու նախագծերի փաթեթը, ինչու՞ է հրատապ կարգով։ Պաշտպանության հանձնաժողովի նիստը, որում քննարկվել են այս հարցերը՝ ավարտվել է շատ քիչ ժամանակ առաջ։ Այնտեղ ընդդիմությունից ներկա էր մոտավոր հաշվարկով 0 պատգամավոր, ինչը նույնական է ուղիղ հաշվարկով 0 պատգամավորին։ Այստեղ քննարկման ժամանակի սղությունից բողոքող մեր գործընկերները՝ հատկապես հենց Գեղամ Մանուկյանը , որը հանդիսանում է հանձնաժողովի անդամ, չկար այդ քննարկման ժամանակ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին՝ միաժամանակ արձագանքելով նաև ընդդիմադիր պատգամավորների՝ նախագծի վերաբերյալ դիտարկումներին։ Ինչպես ԱԱԾ փոխտնօրենը նշեց՝ փոփոխություններով առաջարկվում է ունենալ օրենքով սահմանված լիազորող նորմ՝ ԱԱԾ արխիվում պահվող փաստաթղթերը ոչնչացնելու համար․ «Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն և այդ հնարավորությունը ԱԱԾ-ին տրվում է օրենքով կամ այլ իրավական ակտով»։
«Ես հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց կբացահայտվի, բայց ցավս կայանում է նրանում, որ ենթադրաբար այդ գործակալական ցանցը ՀՀ հատուկ ծառայությունների հետ չի, որ աշխատում է ու, հետևաբար, այս գործակալական ցանցի անունները ՀՀ հատուկ ծառայությունների անուններում չի, որ գրված են։ Հույս ունեմ, որ տարիներ հետո մի ուրիշ երկրից գաղտնազերծման ժամանակ այդ անունները երևան կգան»,- նշեց Ալեքսանյանը։
«Կառաջարկեմ նաև առաջ գանք ու հանգենք այն պատասխանին, թե, վերջիվերջո, հեղափոխության հասունացման ու վերջնականացման փուլում, այնուամենայնիվ, ձեզնից ու ձեր կոալիցիոն գործընկերներից ով ԱԱԾ-ից գողացավ Մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր։ Կառաջարկեմ այդ քաղաքական թիմից այդ հարցի պատասխանը, այնուամենայնիվ, տալ»,- նշեց Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։