ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և «Վիվառո» ընկերության միջև տեղի ունեցած գործարքի մասին հրապարակմանը:
«Անհանգստացնում է այն, թե ինչպես է էդպիսի բան տեղի ունեցել, կուզեի՝ ԱԱԾ-ն ուսումնասիրի նման երևույթները, որոնք կրկնվող են»,- դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` նշեց Քոչարյանը։ Նա նաև հարց ուղղեց, թե ինչպես է երկիրը լքել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որը նույնպես գտնվում է հետաքննության մեջ: «Վերջերս էլ պարզ դարձավ` մեկ այլ անհայտ մարդ կարողացել է լքել Հայաստանը.. Վաչոն, հա՞, գնացել ա Հայաստանից»,- նշեց Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով, իրենց կողմից շատ բաներ են արվել երկրում, որպեսզի վերականգնվեն այն վնասները, որոնք պատճառել են նախկինում գործած պաշտոնյաները:
«Բայց, ցավալի է, որ Պաշտպանության նախկին նախարարների հետ է անընդհատ այդպիսի պատմություններ ծնվում: Այնպիսի տպավորություն է առաջացել, որ ոնց որ թե Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնում է շատ ավելի վաղուց, և այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ գումարներ է փոխանցում՝ մեկ օրվա ընթացքում, Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ դա նշանակում է մի բան՝ որ տվյալ ընկերության և Պաշտպանության նախկին նախարարի միջև բացի գույքային այս պատմությունից, կան նաև այլ պատմություններ, որոնք արժե ուսումնասիրել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: