Ե՞րբ տիեզերքում կծնվի առաջին երեխան. The Conversation

Բրիտանական The Conversation հանդեսը հրապարակել է ուշագրավ հոդված` «Ե՞րբ տիեզերքում կծնվի առաջին երեխան» վերտառությամբ: Դրանում նշվում է, որ Երկիր մոլորակից մարդկային քաղաքակրթության կախումը վերացնելու համար պետք է, որ մարդկային սերունդները շարունակվեն Լուսնի կամ Մարսի վրա:

«Պետք է երեխաներ ծնվեն: Մարսի և Լուսնի վրա կյանքը բարդ և լարված է լինելու, ուստի առաջին բնակիչները, հնարավոր է, այնտեղ տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ լինեն և դժվար թե այնտեղ ընտանիք կազմեն: Իսկ երբ մարդիկ սկսեն իսկապես ապրել Երկրի սահմաններից դուրս, միևնույն է շատ հարցեր են չլուծված մնալու»,-գրում է աղբյուրը` նշելով, որ նախևառաջ շատ քիչ հետազոտություններ են անցկացվել տիեզերքում կամ ցածր ձգողականություն ունեցող վայրերում` Մարսի կամ Լուսնի վրա, ծննդաբերության և վերարտադրողական առողջության կենսաբանության վերաբերյալ: Մոր և պտղի համար հնարավոր են անկանխատեսելի սպառնալիքներ:

«Երկրորդ, նորածինները խոցելի են և նրանց մեծացնելը հեշտ չէ: Որպեսզի հնարավոր լինի քիչ, թե շատ նորմալ ընտանեկան կյանք վարել, պետք է, որ այդ կայանն ունենա բավականին զարգացած ենթակառուցվածք, ինչի վրա տասնամյակներ կծախսվեն:

Հաշվի առնելով այս բոլոր հարցերը` միանգամայն հնարավոր է, որ առաջին «արտերկրային» երեխան կծնվի «տանը» շատ ավելի մոտ: Դանիական SpaceLife Origin ստարտափը ցանկանում է ծննդաբերելու  ժամանակ առողջ հղի կնոջն ուղարկել 402 կմ բարձրության վրա: Գաղափարը լավն է, սակայն իրավաբանական, բժշկական և էթիկական խոչընդոտներն ահռելի են:

Ներկայում  որևէ ապացույց չկա առ այն, որ տիեզերքում ինչ-որ մեկը սեքսով է զբաղվել: Սակայն հաշվի առնելով, որ երկրամերձ ուղեծրում եղել է մոտ 600 մարդ, այդ թվում` զույգ ՆԱՍԱ-ից, չի բացառվում, որ նման բան եղել է»,-գրում է աղբյուրը:

Հոդվածագիրը ենթադրում է, որ այդ բացառիկ երեխան կծնվի 2040-ին:

«Միգուցե նա կլինի այն երկրի քաղաքացի, որի քաղաքացի են իր ծնողները, իսկ գուցե լույս աշխարհ կգա որևէ  կորպորացիայի տիեզերական կայանում և առհասարակ քաղաքացիություն չստանա: Սակայն ես նախընտրում եմ այդ երեխայի մասին մտածել, որպես գալակտիայի առաջին իսկական քաղաքացի»,-եզրափակել է հեղինակը:

Վեր