Զգոն եղեք․ Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

 

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: 

Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

 

Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման հետևանքով մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

 

Հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում են՝

 

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ.

 

չհավաքել սունկ ճանապարհների եզրերից.

 

ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց.

 

ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը.

 

չուտել հում սունկ.

 

երեխաներին չկերակրել սնկով.

 

աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ.

 

սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր.

 

թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում.

 

չզբաղվել ինքնաբուժմամբ:

Վեր