2022թ-ի տնտեսական կարևոր իրադարձությունները. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում և ի՞նչ ակնկալել 2023 թվականին Zarkerak - 2022թ-ի տնտեսական կարևոր իրադարձությունները. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում և ի՞նչ ակնկալել 2023 թվականին
Zarkerak Zarkerak - 2022թ-ի տնտեսական կարևոր իրադարձությունները. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում և ի՞նչ ակնկալել 2023 թվականին
2022թ-ի տնտեսական կարևոր իրադարձությունները. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում և ի՞նչ ակնկալել 2023 թվականին

2022թ-ի տնտեսական կարևոր իրադարձությունները. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում և ի՞նչ ակնկալել 2023 թվականին

Տնտեսական տեսակետից 2022թ․-ը խիստ ուշագրավ տարի էր։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը տնտեսական տարին  ամփոփելով:

«Եթե նախորդ տարվա ավարտին հույս ունեինք 2022-ին ունենալ վերականգնողական աճ, այսինքն՝ վերջապես առողջանալ Քովիդի և պատերազմի հարվածներից, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկվելուց հետո՝ տարին փակել գոնե առանց տնտեսական անկման, ներկայումս արդեն մտածում ենք անգամ այն մասին, թե տարվա տնտեսական աճի ցուցանիշը կդառնա պատմական ռեկորդ մեր տնտեսության համար, թե ոչ»,- նշում է տնտեսագետը:

Նա ներկայացրեց, որ այս պահին, նոյեմբերի տվյալով ունենք 14.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որտեղ արդյունաբերությունն աճել է 8.4%, ծառայությունները՝ 28.2%, շինարարությունը՝ 13.9%, արտահանումը և ներմուծումը, համապատասխանաբար՝ 75.2% և 63.6%։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական աճի ցուցանիշը կարող է 2-3 տոկոսային կետով ավելի ցածր լինել ՏԱՑ-ից, ամենայն հավանականությամբ կունենանք 11-12% տնտեսական աճի ցուցանիշ տարվա ավարտին, ինչն ավելի քան կրկնակի բարձր է վերջին երկու տասնամյակներում Հայաստանի ունեցած միջին ցուցանիշից։

«Եվ չնայած, որ աճը հիմնականում «պահանջարկից քաշված» է, չի զուգորդվում արտադրողականության էական բարձրացմամբ և ցածր ներառական է, նման բարձր ցուցանիշն արդեն լուրջ հաջողություն է»,-ընդգծում է նա։

Տնտեսագետի խոսքով, տնտեսական տարվա ձեռքբերումը միայն բարձր տնտեսական աճը չէ: Շեշտում է՝ պակաս կարևոր չէ այն, որ բավականին լավ ցուցանիշներ ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների, դեպի Հայաստան դրամական փոխանցումների, բանկային համակարգ հիմնականում դրսից եկած ավանդների տեսքով:

«Այս հոսքերը մեզ համար ապահովում են արտարժույթի այնպիսի պաշար, որը կարող է օգտագործվել տնտեսությունը տեխնոլոգիապես վերազինելու, հետագա տնտեսական ցնցումներին ավելի պատրաստ լինելու, և իհարկե՝ անվտանգային համակարգը ամրապնդելու համար։

Բացի այդ, տնտեսական աճը գեներացրել է լրացուցիչ հարկային եկամուտներ։ Օրինակ՝ եթե կառավարությունն անգամ 7% աճի պայմաններում պլանավորել էր ունենալ շուրջ 1 տրիլիոն 840 մլրդ դրամի հարկեր, այժմ կարող է ունենալ 80-100 մլրդ դրամով ավելի մեծ ցուցանիշ, որը լրացուցիչ ռեսուրս է մեր հիմնախնդիրների լուծումներին մի փոքր էլ ավելի մոտենալու համար»,- նշեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետը։

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ Նարեկ Կարապետյանն ասում է, որ տարվա ընթացքում կուտակած ամենամեծ ռիսկերը վերաբերում են դրամի կտրուկ արժևորմանը և դրա բացասական ազդեցություններին։

«Վերջերս Բլումբերգը նշել էր, որ դրամը 2022թ․-ին աշխարհի ամենաշատ արժևորում գրանցած արժույթն է։ Սա, իհարկե, դրական զարգացումների հետևանք է, բայց վտանգում է արտահանման մի էական հատվածի հեռանկարները։ Այս ռիսկերի և դրանց կառավարման մասին ավելի մանրամասն խոսել էի վերջերս իմ հրապարակած հոդվածում (խմբ․՝ ներկայացնում ենք հոդվածի հղումը https://asue.am/upload/files/amberd/poxarjeq.pdf), որտեղ նշել էի, որ մենք, չնայած 2000-ականների «հոլանդական հիվանդության» մեր փորձին, անպատրաստ ենք նման խնդիրների հետ առերեսվելու համար։ Այս ռիսկերը մեղմելու և նվազագույն կորուստներով դուրս գալու ճանապարհն ավելի հեշտ կլիներ, եթե դրանց գնահատումը և արձագանքը ավելի արագ լինեին»,-շեշտում է փորձագետ Նարեկ Կարապետյանը։

Այս տարի Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարևոր մի իրադարձության՝ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ըստ Ֆրեյզերի ինստիտուտի զեկույցի Հայաստանն առաջընթաց է գրանցել Աշխարհի տնտեսական ազատության վարկանիշում և 165 երկրների շարքում 11-րդ տեղում հայտնվել։ Սակայն այդ «թռիչքային» առաջընթացը ոչ թե մեկ տարում է գրանցվել, այլ վերջին տարիներին։

«Այսպես, մենք 2021-ին աշխարհում 15-րդ տեղում էինք գտնվել, 2020թ․-ին՝ 18-րդ տեղում, 2019թ․-ին՝ 27-րդ տեղում և այսպես շարունակ։ Սա, իհարկե, լավ ազդակ է նաև միջազգային ներդրողներին, քանի որ Հայաստանն այս ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է, և ավելի շատ զարգացած երկրների «լիգայում» է»,-նշում է Կարապետյանն ու հավելում, որ չնայած դրան, այդուամենայնիվ, աշխարհում նման շատ զեկույցներ են հրապարակվում, և ոչ բոլորով է, որ Հայաստանի գնահատականը գոհացուցիչ է։

2023-ի տնտեսական կանխատեսումները  

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետի խոսքով, իրականում մենք մի շրջափուլում ենք, որտեղ անորոշությունը խիստ բարձր է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, սրված աշխարհաքաղաքական իրավիճակով, և, իհարկե, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներով։

Նշում է, որ միաժամանակ, համաշխարհային տնտեսությանը ևս առաջիկա տարում մեծ մարտահրավերներ են սպասում՝ գնաճի հաղթահարման, կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման արդյունքում ռեցեսիայի ռիսկերի, զարգացող առանձին երկրներում պարտքային հիմնախնդիրների տեսքով և ոչ միայն։ «Այս ամենը մեզ համար ևս ռիսկեր է պարունակում, որոնք պետք է նկատի ունենանք»։

Տնտեսագետն առանձնացնում է նաև, որ Հայաստանն այս տարվանից մյուս տարի փոխանցվող դրական տնտեսական իմպուլս ունի՝ հիմնականում ՌԴ-ից մարդկանց և կապիտալի հոսքերի տեսքով, որի մուլտիպլիկատիվ էֆեկտները տարբեր ոլորտներում զգացվում են, և հուսանք, որ դրանք որոշակիորեն կբալանսավորեն հնարավոր բացասական ազդեցությունները։

2023-ի բյուջեի նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2023-ի պետբյուջեում հստակ ֆիքսել են 7% տնտեսական աճ ապահովելու հանձնառությունը։

Նարեկ Կարապետյանը կարծում է, որ պետական բյուջեի շրջանակն ադեկվատ է մեր մարտահրավերներին՝ անվտանգային ծախսերի վրա մեծ շեշտ, կապիտալ ներդրումների ավելացում, պարտքի բեռի նվազեցում, զուսպ ընթացիկ ծախսերի վարքագիծ։

Ինչ վերաբերում է աճի հանձնառությանը, ասում է՝ պետք է նկատի ունենանք, որ ինչպես միջնաժամկետ ծրագրերում, այնպես էլ բյուջեի փաստաթղթում առկա ցուցանիշները կանխատեսումային են:

«Կամ՝ վերջերս դիտարկվում են նաև թիրախային ցուցանիշներ, որոնց պետք է կառավարությունը ձգտի։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանը փոքր, բաց, շուկայական տնտեսություն է, ինչը նշանակում է որ մեր ցուցանիշները կարճաժամկետում ավելի շատ կախված են արտաքին ազդակներից, քան իրականացվող տնտեսական քաղաքականությունից»,-ասում է Նարեկ Կարապետյանը։

Տնտեսագետն ավելի է կարևորում կառավարության հանձնառությունն ուղղված այնպիսի կառուցվածքային բարեփոխումների, որոնք կբարձրացնեն տնտեսության ներուժը և կպայմանավորեն տնտեսական աճի հեռանկարը երկարաժամկետում։

«7% աճի թիրախն, իհարկե, բավականին հավակնոտ է, և դրան կառավարությունը էականորեն կարող է նպաստել միայն կապիտալի ծախսերի թիրախներին հասցնելով։ Այստեղ էլ, սակայն, կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն ու կարողությունների հարց կա»,-ընդգծում է նա:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, ավելի կարևոր է ֆիքսվել երկարաժամկետ, քան կարճաժամկետ տնտեսական թիրախների վրա, և կառավարության հաջողությունները կամ ձախողումները չգնահատել միայն ընթացիկ ցուցանիշներով։

 

Արաքսյա Փաշոյան

31 Դեկտեմբեր, 2022 15:40
Վեր