Ես փախչող տեսակ չեմ և պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի. Հարությունյան

 

 

Պետությունը պատրաստ է արժանապատվորեն ու պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։ Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

՛՛Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը։ Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից․ ամենևին ո՛չ՛՛,-հավելեց նա:

Հարությունյանը նշեց, որ իրեն պարզապես պատասխանատու է զգում  ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: ՛՛Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ՝ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի՛՛,-ասաց ԱՀ նախագահը:

Նա խոսեց նաև փախուստի, դավաճանության, Արցախում մնալ-չմնալու մասին: Այս առնչությամբ Հարությունյանը նշեց. ՛՛44 օրից 38-ն այց եմ կատարել առաջնագծի ամենածանր կետեր․ ովքեր եղել են առաջնագծում, շատերը գիտեն դրա մասին։ Քարվաճառից, Եղնիկներից մինչև Ջաբրայիլ, առաջնագծի բոլոր ուղղություններում, ամեն տեղում եղել եմ: Ես խոնարհվում եմ մեր տեղահանված, զոհված և բոլոր հայրենակիցների առաջ, որովհետև շատ խնդիրներ կան, դրանք կլուծենք ընթացքում:

Երեկ տեղի է ունեցել հավաք իմ հրաժարականի պահանջով, այսօր էլ այդ հավաքը կազմակերպվում է: Անկախ հավաքի մասնակիցների քանակից, կազմից, քաղաքական հայացքներից ու դրդապատճառներից՝ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, բոլորը ԱՀ քաղաքացիներն են, և ես հավասարապես պատասխանատու եմ բոլորի համար ու բոլորի առջև:

Հարությունյանն առողջություն մաղթեց իր հրաժարականի պահանջով հացադուլ անող արցախցիներին։

Նշենք, որ երեկվանից Ստեփանակերտում Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում, պատճառն այն է, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշնյանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ Հավելենք նաև, որ երկու քաղաքացի հացադուլ է հայտարարել։

Վեր