Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը․ Ավինյանը՝ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ

Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ։

Նրա խոսքով ՝ Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։ Քննարկումները հակառակորդի զորքերի դուրսբերման շուրջ շարունակվում են, և մոտ ժամանակներս սպասվում է այդ բանակցությունների ևս մեկ փուլ։

«Միանշանակ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի տարածքը, և մենք ջանք չենք խնայի այդ խնդիրը լուծելու համար», - ասել է նա:

 

Վեր