ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու մարտահրավերները» հետազոտությունը:
Հետազոտության հեղինակներն են Աննա Փախլյանը (հետազոտական խմբի ղեկավար), Սուսաննա Աղաջանյանը, Տաթևիկ Վարդանյանը, Տիգրան Միքայելյանը, Անի Հարությունյանը (հետազոտական խմբի անդամներ):
Ինչպես տեղեկանում ենք հետազոտության առաջաբանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրությունը կատարել է արտաքին շահառուների, մասնավորապես՝ ՀՀ անվտանգության խորհրդի (ՀՀ ԱԽ) հետ խորհրդակցությունների արդյունքով ակադեմիական կազմի, ասպիրանտների և ուսանողների ներգրավմամբ գիտական հետազոտության մրցույթում շահած ծրագրի շրջանակներում։
Հետազոտությունը նվիրված է Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորությունների ու մարտահրավերների գնահատմանը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից համապատասխան քաղաքականության եզրագծմանը: Հեղինակները հետազոտությունն ամփոփել են արժեքավոր եզրահանգումներով և մի շարք հիմնավոր առաջարկություններով։
Էլեկտրոնային տարբերակն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։