Ջիվան Գասպարյանը հայկական երաժշտությունը լավագույնս է ներկայացրել աշխարհում. Սերժ Թանկյան

System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:

Թանկյանն այս մասին ասել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ:

Երաժիշտը հրապարակել է Ջիվան Գասպարյանի հետ իր լուսանկարն ու գրել, որ  Ջիվան Գասպարյանը մարմնավորում էր հայկական դուդուկը և աշխարհում ամենահայտնի դուդուկահարն էր:

Թանկյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձայնագրությունների, սաունդթրեքերի միջոցով լավագույնս ներկայացրել է Հայաստանն ու  հայ ժողովրդական երաժշտությունը: «Ես բախտավոր եմ ինձ համարում, որ հնարավորություն եմ ունեցել 2017 թվականին  հանդիպել նրան և կյանքի մասին մի քանի դաս քաղել այդ անհավանական մարդուց:  Մեր ցավակցությունն ենք հայտնում վարպետի ընտանիքին և հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին: Հողը թեթև նստի վրադ, վարպետ ջան»,-եզրափակել է Սերժ Թանկյանը:

Վեր