Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել է Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: 

«2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը հավելել է, որ Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Վեր