Որոնումները շարունակվում են ավելի մեծ մասշտաբով՝ բարդ ռելիեֆային գոտիներում. ԱՀ ԱԻՊԾ տնօրեն

 

 

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում: Ինչ ձևաչափերով են շարունակվում որոնումները և ովքեր են ընդգրկված այդ աշխատանքներում: ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել։

-Ի տարբերություն հետպատերազմական առաջին ժամանկահատվածի, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում։
-Տարբերությունը նրանում է, որ այժմ հիմնականում հայտնաբերում ենք մեր զոհված տղաների մասունքները: Որոնումները դժվարացել են այն առումով, որ այժմ տարածքները խոտածածակ են: Տեսանելի վայրերում գտնվող բոլոր մարմինները վաղուց տարհանվել են, հետախուզությունն այժմ ծավալել ենք ավելի մեծ մասշտաբով, ավելի բարդ ռելիեֆային գոտիներում: Աշխատանքի դժվարության և փրկարար ծառայողների պատասխանատվության առումներով ոչինչ չի փոխվել։

-Ներկայում ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում որոնողական աշխատանքները․ինչպե՞ս են ընտրվում աճյունների գտնվելու հավանական վայրերը, որոնումների ուղղությունները։
Հայտնի՞ է, թե ինչ թվով անհետ կորած կամ զոհված զինծառայողների որոնումներ են իրականացվում ներկայում։

-Ըստ էության, հարցը ռազմական գերատեսչության տիրույթում է: Մենք համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Պաշտպանության բանակի: Քանի դեռ ունենք անհետ կորածներ, որոնք գերության մեջ են, ու պայմանավորված` ԴՆԹ թեստի դեռևս չհրապարակված արդյունքներով, այդ թիվը փոփոխվում է: Որոնողական աշխատանքներն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք նախապես պայմանավորված և պլանավորված վայրերում, որտեղ ըստ ՊԲ տրամադրած տվյալների՝ ռազմական գործողություն է իրականացվել: Մեր կողմից տարհանված աճյունների թիվն այս պահի դրությամբ կազմում է 1604:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնումներն անցած ամիսների ընթացքում, ոչ մեր կամքով, ժամանակ առ ժամանակ դադարեցվել են: Բայց անցած ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բանակցել հակառակորդ կողմի հետ և արդյունքի հասնել: Հիմնական շեշտը դրված է եղել նաև մեր ծառայողների անվտանգության ապահովման վրա: Ու չնայած նրան, որ որոնողական խմբի մասնակիցները Արցախի օկուպացված տարածքներում որոնումներ իրականացնելիս 4 անգամ ականապայթյունային վիրավորումներ են ստացել, միևնույն է չենք ընկրկել և շարունակում ենք: Ուղղությունները որոշում ենք պատերազմից անմիջապես հետո ստեղծված օպերատիվ շտաբում` համագործակցելով ՊԲ-ի և շտաբում ընդգրկված մյուս գերատեսչությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների հետ:

-Որոնողական աշխատանքներում ընդգրկվա՞ծ են ծնողներ ու ծառայակիցներ։

-Որոնումների մեկնարկի առաջին օրերին` ոչ, ավելի ուշ` 2020 թվականի դեկտեմբերի կեսից որոնողափրկարարական աշխատանքներին միացան նաև տարածքին ծանոթ ուղեկցողները, ՊԲ ներկայացուցիչները, հարազատները: Եթե անգամ հարազատները չեն ընդգրկվել այդ գործընթացում, այնուամենայնիվ, մենք մինչ օրս շարունակում ենք համագործակցել:

Վեր