Այս պահին ամենաշատ աշխատանքի հայտարարությունները կան համացանցում. Վահան Քերոբյան

 էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ իր գրառմանը, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել «բերման ենթարկել» խոպան գնացած իրենց հարազատներին, քանի որ Հայաստանում աշխատանքի պահանջարկ կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դա եղել է կատակ: «Իմ կոչով փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ հիմնական աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր գտնել, հատկապես`իմ նշած ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում հովիվների պակաս կա ու մարդիկ ստիպված տարբեր երկրներից են հովիվներ բերում:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ փաստ կարող է հրապարակել իր ասած տեղեկատվության վերաբերյալ, մասնավորապես, ո՞վ է դիմել հովիվ փնտրելու համար, նախարարի պաշտոնակատարը նշեց՝ Դպրաբակ գյուղից Վրեժ Վարդանյանը: «Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություն: Այս պահին ամենաշատ աշխատանքի հայտարարությունները կան համացանցում տարբեր ոլորտների վերաբերյալ»,- ընդգծեց Քերոբյանը:

Հարցին՝ օրինակ, արտերկրում հաջողության հասած հայերը ինքնակամ կգա՞ն իր նշած ոլորտներում աշխատելու, նա պատասխանեց. «Վերջերս նշանակել եմ 2 փոխնախարար, որոնք վերադարձել են արտերկրից՝ մեկը Ռուսաստանից, մյուսը Հոլանդիայից: Իմ խորհրդականների մեջ կան Գերմանիայից, Շվեյցարիայից և Լյուքսեմբուրգից վերադարձած կամ հեռավար աշխատող մարդիկ, ովքեր շատ-շատ օգնում են մեզ փոխել էկոնոմիկայի նախարարության աշխատանքն ու համահունչ կամ մոտիկ դարձնել միջազգային ստանդարտներին»,- ասաց նա:

Վեր