Կորոնավիրուսի դելտա շտամը հասել է Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հաստատում է՝ կորոնավիրուսի դելտա շտամը շրջանառվում է Հայաստանում:

Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ թեև այս պահին նմուշ չունեն, բայց այն անշուշտ Հայաստանում էլ շրջանառվում է, քանի որ օդային բաց սահմաններ ունենք այն երկրներում, որտեղ այդ շտամը հայտնաբերվել է՝ Ռուսաստանի, Վրաստանի, եվրոպական երկրների հետ:

Ընդհանուր առմամբ, նշեց նախարարի պաշտոնակատարը, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա.

«Խոսքը կտրուկ աճի մասին չէ, աստիճանական է, բայց հասկանալի է, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ի դեպ, նախարարությունը նախատեսում է խրախուսիչ միջոցառումներ անցկացնել հանրապետությունում, որպեսզի մարդիկ ավելի լուրջ մոտենան պատվաստման գործընթացին: Օրինակ, պատվաստվողներին վիճակահանությամբ կտրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:

Բայց այս պահին պատվաստումների գործընթացը պարտադիր դարձնելու մասին հստակություն չկա.

«Օգոստոսի կեսերին հանրությանը կներկայացվի որոշակի սահմանափակումների փաթեթ, որն այսօր մշակման փուլում է: Խոսքը պարտադիրի մասին չէ: Հարկավոր է դրսևորել հանրային պատասխանատվություն, ամեն քաղաքացի ակտիվ կերպով իր ներդրումը պետք է ունենա հանրային իմունիտետ ստեղծելու գործընթացում»,- հավելել է Ավանսեյանը:

Վեր