Մեր բերքն օրիշ ա․ արցախցու ջերմոցից՝ արցախցու սեղանին․ արցախցի Սերգեյը վստահ է՝ Արցախը կարող է դառնալ ինքնաբավ, դրա համար բնությունից ստացել են բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա Zarkerak - Մեր բերքն օրիշ ա․ արցախցու ջերմոցից՝ արցախցու սեղանին․ արցախցի Սերգեյը վստահ է՝ Արցախը կարող է դառնալ ինքնաբավ, դրա համար բնությունից ստացել են բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա
Zarkerak Zarkerak - Մեր բերքն օրիշ ա․ արցախցու ջերմոցից՝ արցախցու սեղանին․ արցախցի Սերգեյը վստահ է՝ Արցախը կարող է դառնալ ինքնաբավ, դրա համար բնությունից ստացել են բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա
Մեր բերքն օրիշ ա․ արցախցու ջերմոցից՝ արցախցու սեղանին․ արցախցի Սերգեյը վստահ է՝ Արցախը կարող է դառնալ ինքնաբավ, դրա համար բնությունից ստացել են բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա

Մեր բերքն օրիշ ա․ արցախցու ջերմոցից՝ արցախցու սեղանին․ արցախցի Սերգեյը վստահ է՝ Արցախը կարող է դառնալ ինքնաբավ, դրա համար բնությունից ստացել են բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա

«Արցախի հողն ու ջուրն օրիշ ա, Արցախի բերքն օրիշ ա։ Ով կերել է՝ գիտի։ Մեր միրգ-բանջարեղենը համ համով է տարբեր, համ էլ իր հատկանիշներով է շատ բարձր։ Հայաստանից եկեղ մեր գործընկերներն էլ նկատել են, ինչ ուրիշ համ ունի մեր Արցախի հողում աճեցրած վարունգը՝ թեկուզ ջերմոցային պայմաններում»,-Zarkerak․am-ի հետ զրույցում Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Սերգեյ Գրիգորյանն է ասում։

Արդեն 96 օր շրջափակված Արցախում արցախցին  շարունակում է ապրել, և որ ամենակարևորն է՝ արարել։  Սերգեյն էլ մեկն է այն մարդկանցից, որ Արցախի համար այս բարդ օրերին ևս մեկ անգամ հասկացավ, հիմա իր և ընկերոջ ջերմոցը պետք է Արցախին, որովհետև արցախցին թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի կարիք ունի իր սեղանին, իսկ արդեն 3 ամիս և ավելի՝ այս մթերքները ՀՀ-ից Արցախ գրեթե չեն հասնում։ 

«Պա մեհենգ հինչնք ընան շուկայումել խրեգ պեն օնինք ուտելի, (բա հիմա ի՞նչ ենք անելու, շուկայում քիչ բան ունենք ուտելու)»,- Սերգեյը պատմում է, որ շրջափակման օրվանից ի վեր Արցախում շատերից է լսել մտահոգություն՝ ինչպես է լուծվելու հացի խնդիրը։ 2019-ից ջերմոցներով զբաղվող Սերգեյը լավ գիտեր՝ միայն ջերմոցներում աճեցված մթերքի 93 տոկոսը Արցախը ներկրում է Հայաստանից, ու չներկրելու հետևանքները շատ մեծ ռիսկ էին պարունակում։ Ու Սերգեյի մտքում մի գաղափար էր պտտվում՝ ինչպես անի,որ ունենան Արցախի հողի միրգն ու բանջարեղենը ու պակաս չլինի։ 

«Մեր ջերմոցը գտնվում է Ստեփանակերտի ծայրամասում։ Այս պահին ունենք երկուսը՝ միասին 3000 քառ․ մետր։ Ջերմոցներից մեկը նորակառույց է, շրջափակման պատճառով որոշ սարքեր դեռ չենք հասցրել ներմուծել այն լիարժեք գործարկելու համար։ Մյուսն այս պահին արդեն բերք է տալիս վարունգ և պղպեղ, անցած տարիներին հասցրել ենք շուկա հանել, օրինակ մինչև 30 տոննա վարունգ, լավ վաճառվել է, հիմա էլ պատրաստվում ենք էլի շուկա հանել վարունգը, դեռ փետրվարի վերջին պիտի շուկա դուրս գար, բայց ջերմոցը քամուց վնասվեց, ժամկետները խախտվեցին։ Վարունգը, պղպեղը, լոլիկը հողում՝ ավանդական ձևով ենք աճեցնում, բայց ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ՝ հովացման, ջեռուցման համակարգ»,- Սերգեյը  պատմում է նաև, որ ջերմոցներ ունենալու միտքն առաջացել է 2019-ին, երբ Հայաստանի ջերմոցներից միրգ-բանջարեղեն ներմուծող ընկերոջ հետ նստեցին-մտածեցին՝ իսկ ինչու՞ զարկ չտալ սեփական արտադրանքին։

Ջերմոցներ ունենալու միտքը Սերգեյին այնպես գրավեց, որ անգամ հոդված գրեց Արցախում ջերմատնային  տնտեսության զարգացման անհրաժեշտության մասին․ «Հասկացանք, որ իսկապես մեզ մոտ էլ ձեռնտու է և անհրաժեշտ է ավելացնել  բանջարեղենի արտադրությունը։ Բայց Արցախում դեռ նոր են զարգանում ջերմատնային տնտեսությունները, հատկապես նրանք, որ կարողանում են ջեռուցվել ու կլոր տարին բերք տալ»,- որ արցախցին արտակարգ  իրավիճակներում էլ գոնե  բանջարեղեն ունենալ-չունենալու համար չանհանգստանա՝ Սերգեյի դիտարկմամբ՝ Արցախը պետք է ունենա կլոր տարին աշխատող 12 հա ջերմոցային տնտեսություն, որտեղ կաճեցվի լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, լոբի։ 

Սերգեյն էլ նկատում է, երբ շրջափակումից ու պատերազմից առաջ հնարավոր ռիսկերն էր դիտարկում, թե Արցախին ինչու՞ է պետք գյուղատնտեսական ինքնաբավություն, միշտ մտքով անցնում էր, իսկ եթե ստեղծվի իրավիճակ, որ պարզապես հնարավոր չլինի ինչ-որ բան Հայաստանից ներմուծե՞լ․ նրան անհանգստացնող ռիսկերը դարձան իրականություն․ «Արցախի համար գյուղատնտեսական ինքնաբավությունը պարենային անվտանգության, երկրի անվտանգության առումով շատ լուրջ ու կարևոր հարց է։ Եվ բացի պարենամթերքի ինքնաբավությունից, այսպես մենք արժեք ենք ստեղծում, որը մնում է երկրի ներսում»,- մեր զրուցակիցը նշում է՝ շրջափակումը ևս մեկ անցամ ցույց տվեց, որ հայացքը հողին դարձնելու անհրաժեշտություն կա, թե՛ հողագործության, թե՛ ջերմոցներ ստեղծելու ու աշխատեցնելու տեսանկյունից, քանի որ դա արդեն զուտ բիզնես չէ, այլ կենսապայմանների ապահովման խնդիր․

«Գյուղատնտեսությամբ զբաղվելը նաև  զբաղվածության հարց է լուծում, իսկ դա շատ կարևոր է, հիմա մենք համայնքներում ու գյուղերում աշխատանքի  շատ մեծ խնդիր ունենք։ Բայց հենց նույն  ջերմոցները թույլ  են տալիս, որ գյուղացին գրեթե կլոր տարին զբաղմունք ունենա ու մշտական եկամուտ»։

Սերգեյի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետ էլ պարզ էր, գյուղատնտեսության և պարենային անվտանգության խնդիրը օրակարգային է, ու ինքն էլ հասկանում էր, այդ հարցում անելիք ունի․ «Պետք է զարգացնենք այլ ոլորտը, արդեն պատերազմից հետո խնդիրն  ավելի արդիական դարձավ։ Պատերազմից առաջ Արցախում հիմնականում այգեգործություն էր,  ցանքատարածություններ էին՝ ցորենի, գարու, բայց հիմա  այդ տարածքների մի մասը մենք կորցրել ենք։ Չնայած որ շատ խնդիրներ կան՝ ջերմոցային տնտեսությունը զարգացնել կարող ենք»։

«Ջերմոցային տնտեսությունը հիմնականում ջեռուցվում է գազով, բայց երբ գազը ամեն պահի կարող էր չլինել՝ մենք ջերմոցը փայտով ու յուղով էինք  ջեռուցում։ Եթե ջեռուցման այլընտրանք չունենայինք, չկարողանայիք ջեռուցել, բերքը կկորցնեինք։ Շրջափակման այս օրերին շատ է եղել, որ ուրիշ ջերմոցատերեր չեն կարողացել ջեռուցել, բերքը  վնասվել է»,- Սերգեյն ընդգծում է՝ ծանր է այս օրերին ջերմոց շահագործելը, որակյալ գյուղմթերք աճեցնելը․ քրտնաջան աշխատանք է պետք ու հոգեկան դիմացկունություն, որովհետև գործին խանգարող ճնշող անորոշություն կա։

«Բայց մի կողմից պարտավորություն կա, որ  պետք է հաջողենք այս գործում։ Քանի որ հենց մեզնից է կախված, թե մեր երեխաներն  ինչ են ուտելու, կամ ուտելու բան առհասարակ ունենալու են, թե չեն ունենալու, սա ավելի շատ մեզ պարտավորեցնում է, որ մենք ավելի լավ գլուխ հանենք այս գործից, քան թե թևաթափ լինենք։ Եվ մի հարց էլ կա, եթե արցախցին իրեն  վտանգի տակ է դնում ու ապրում է Արցախում, պետք է ինչ-որ ձև գոյատևի, սննդի հարցը պետք է լուծել։ Մեր գործն էլ Արցախը «պահելու» ինչ-որ մի կարևոր  հարց է, ու պետք է հաջողենք, որպեսզի գոնե սննդի հարցը օրակարգից դուրս գա»-, Սերգեյի խոսքով՝ աշխատանքի ընթացքում հասկացել է, եթե բարեխիղճ աշխատես՝ ջերմոց ունենալը նաև եկամտաբեր է, բայց այս օրերին ֆինանսական հարցերը նրա համար վերջին տեղում են։ Սերգեյն ասում է՝ իր օրինակով փորձում է շատերին ոգևորել ու վարակել, որովհետև կան աշխատանքներ, որոնք բոլորի բարօրության համար են։

Իսկ նրա դիտարկմամբ Արցախի բարօրությունը նաև գյուղատնտեսական պոտենցիալը իրացնելու մեջ է, որտեղ դեռ շատ բացեր կան․ «Արցախի գյուղատնտեսական հնարավորությունները, իհարկե, իրացված չէ, որովհետև 30 տարի կախվածություն ունենք սննդամթերքի, պարենամթերքի հարցում, մինչդեռ շատ բաներ կարելի էր ստեղծել ու աճեցնել  տեղում։ Շրջափակումը ցույց տվեց, որ որոշ առումներով հաջողության հասել ենք, օրինակ՝ ցորենի արտադրության շնորհիվ  մենք շրջափակման այս օրերին ալյուրի խնդիր չունենք, հացի խնդիր չունենք, դա էլ է շատ կարևոր։ Բայց, այն որ, կարելի էր շատ ավելի զարգացնել ոլորտը միանշանակ, ավելի շատ հող մշակել ու բարիք ստանալ։ Պետք է պայմաններ ստեղծվեն, որ գյուղացին աշխատի ու բերք ստանա, մնացած հարցերը, թե ինչպես շուկա կհանի ու կիրացնի պետությունը՝ պետք է վերցնի իր ձեռքն ու այդպես աջակցի գյուղացուն»,- Արցախում գյուղատնտեսության  առումով անելու շատ գործ կա՝ նկատում է Սերգեյը և ընդգծում, որ գյուղացին շատ դեպքերում հող չի մշակում, քանի որ չգիտի՝ իր տանջանքին համարժեք գումար կվաստակի կամ արդյո՞ք իրացման հարցը կկարողանա լուծել։

Սերգեյն ասում է՝շրջափակումը շատ բան ցույց տվեց, օրինակ այն, որ եթե այստեղ՝ Արցախում, ստանանք բարձրարժեք, լավ գյուղմթերք, ինչ էլ դրսից ներմուծվի, առաջինը մերն է վաճառվելու, որովհետև սպառողի պահանջարկը հիմա մեր տեղական լավ ապրանքի համար բարձր է, այսօր արցախցին նույնիսկ պատրաստ է ավելի թանկ վճարել ու հենց արցախցու ստեղծածը ձեռք բերել։

 

Մարիամ Մկրտչյան

17 Մարտ, 2023 16:07
Վեր