Վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական ծառայություններն ավելի հասանելի են դառնում

 

 

Հայաստանում պրոթեզավորման և օրթեզավորման ծառայությունների արդյունավետ մատուցման համար հնարավորություններն ընդլայնվում են. «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը նոր շենք ունի, որտեղ եվրոպական լավագույն ընկերություններից բերված պրոթեզների մասերը հավաքվում և հագցվում են: Հուլիսի 29-ին շենքի բացմանը ժապավենը կտրեց Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից, կենտրոնում ոտքի պրոթեզավորում անցած Վահե Քալանթարյանը, ով կռիվ է տվել «Եղնիկներում»:

«Սկզբում տեղադրել են ժամանակավոր պրոթեզ, դրանով սովորել եմ քայլել, հիմա քայլում եմ հիմնական պրոթեզով, խնդիր չունեմ ընդհանրապես»,-ասաց Վահեն ու հավելեց՝ գոհ է կենտրոնի բոլոր բժիշկներից:

Հայրենիքի պաշտպանը հիմա վերականգնողական փուլ է անցնում՝ ճիշտ քայլելու համար: Վահեն նշեց՝պատերազմը սովորեցրեց գնահատել խաղաղության գինը:

Պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքը կառուցվել է վարկային միջոցներով: Պատերազմում վիրավորված զինծառայողներին սատարելու համար «Արաբկիր» բժշկական համալիրը փոխել է հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ է վերցրել եւ սկսել նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: «Օրթեզ»-ն էլ վարկային միջոցներով շենքը կահավորել է սարքավորումներով, տեխնիկայով:

«Նպատակը օրթեզավորման, պրոթեզավորման զարգացումը, ավելի արդիականացումն է: Մեզ նման երկրների համար, որոնք պատերազմների մեջ են, շրջապատված են թշնամիներով, այս մասնագիտությունը համարվում է ստրատեգիական՝ մարդկանց շուտ ոտքի հանելու, հասարակությանն ինտեգրելու և այլ խնդիրների համար: Մենք չենք դիտում, որ մեր երկիրն աղքատ է կամ հնարավորություններ չունի, մենք պետք է անենք այնպես, ինչպես անում են Եվրոպայում, Ամերիկայում, զարգացած երկրներում»,- ասաց «Օրթեզ»-ի տնօրեն Արա Թեքյոզյանը:

 

Վեր