Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. «Իմ քայլը»-ի պատգամավոր

Հայաստանն իր տարածքային ամբողջականության հարցում չունի զիջման որևէ ճանապարհ, միևնույն ժամանակ կոչ է անում միջազգային բոլոր կառույցների՝ դիմելու հստակ քայլերի՝ վերջ տալու Ադրբեջանի սադրանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տիրող սահմանային իրավիճակին:

«Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Դեռ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որոնք գտնվում են ՀՀ-ի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում»,-ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց՝ այս ամենը խախտում  է եռակողմ պայմանավորվածությունները, բայց ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Բաղդասարյանը ԱԺ բոլոր պատգամավորների անունից ցավակցեց զոհված զինվորների հարազատներին:

 «Նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Եվ սրանով հանդերձ կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,-ասաց պատգամավորը:

Վեր